Այա Սոֆիա այսուհետ բաց հագուստով չի կարելի մտնել, կանայք պետք է գլխաշոր կրեն

Թուրքիայի բարձրագույն դատական մարմինը՝ պետական խորհրդի որոշմամբ և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ մզկիթի կարգավիճակ ստացած Սուրբ Սոֆիայի տաճարի այցելուները այսուհետ պետք է համապատասխան հագուստ կրեն: Մյուս մզկիթների նմանությամբ Այա Սոֆիա չի կարելի մտնել բաց հագուստով, ինչպես նաև կանայք պարտադիր պետք է գլխաշոր կրեն:

Անհարմարություններից խուսափելու համար անհրաժեշտ կարգավորումներ են կատարվել. մզկիթ մտնելուց առաջ այցելուներին գլխաշոր և մարմնի մյուս մասերը ծածկող վերնազգեստ կտրամադրվի:

Հուլիսի 24-ին Այա Սոֆիայում առաջին ուրբաթօրյա նամազը տեղի ունեցավ. հատակին աղոթքի կանաչ գորգ էր փռվել, իսկ երբեմնի տաճարի պատերը զարդարող քրիստոնեական սրբապատկերները ծածկվել էին վարագույրով: Չնայած թուրքական իշխանությունները խոստացել էին կառույցը հարմարեցնել նաև զբոսաշրջիկների համար և պահպանել դրա թանգարանային բնույթը, այնուհանդերձ այս նոր սահմանափակումներով, ըստ էության, Այա Սոֆիայում գործող կարգը ոչինչով չի տարբերվելու մյուս մզկիթներից: