«Ազատությունն» իր տաղավարում հյուրընկալել է բժիշկ Վահե Տեր-Մինասյանին։
«Ազատություն». – Ինչ-որ ընդդիմադիր շրջանակներ, լրատվամիջոցներ և այլն ասում են ժամանակն է գտնել մեղավորներին և կանչել պատասխանատվության: Դուք այս ամիսներին աշխատանքը կանվանեի՞ք անարդյունավետ կամ տապալում, ձախողում:
Տեր-Մինասյան. – Ես անձամբ կարող եմ գնահատել որպես մասնագետ բժշկական տեսակետից: Տապալումը ո՞րը կլիներ... Փլուզվեց, տապալվեց, օրինակ, իտալական առողջապահության համակարգը, երբ ստեղծվել էր մի իրավիճակ, երբ որ մարդկանց ուղղակի չէին գնում, չէին օգնում: Երբ կային պացիենտներ, որոնք չստացան բժշկական օգնություն և դրա պատճառով մահացան: Ի պատիվ Հայաստանի առողջապահական համակարգի, ի պատիվ Հայաստանի բժիշկների, բուժքույրերի, մայրապետերի, որոնք աշխատեցին ֆանտաստիկ ռեժիմով, ես կարող եմ ասել, որ Հայաստանում մենք նման իրավիճակ չունեցանք: Այսինքն` աշխատեց համակարգը գերծանրաբեռնված, բայց համակարգը դիմացավ: Եվ արդյունքում, այո, մենք ունեցել ենք հազարիվ ավելի մահ, որը որ շատ ցավալի է, բայց դրանք եղել են մարդիկ, որոնք ստացել են բժշկական օգնություն, բայց, ցավոք սրտի, հիվանդությունը եղել է ավելի ուժեղ և նրանք մահացել են: Այսինքն` առողջապահական համակարգի մեջ ես խնդիր չեմ տեսնում: Եթե մենք նայենք, ասենք, տարբեր երկրների ցուցանիշները և Հայաստանինը, այո, եղել են երկրներ, որոնք որ շատ ավելի փոքր զոհերով դուրս էկան համենայն դեպս էս էտապում: Փաստորեն նրանց փորձը ավելի հաջողված ստացվեց: Եվ կան երկրներ, ընդ որում շատ հարուստ երկրներ, մեզնից անգամներով հարուստ երկրներ, որոնք շատ ավելի վատ վիճակի եկան: Շատ հեշտ է կողքից նստել, նայել ասել... Ես հիմա կարող եմ 250 դեղամիջոցի անուն տալ, օրական մեկը Ֆեյսբուքում գրեմ, ասեմ էսօր էս անենք, էսօր էդ անենք... հետո պարզվի էն մեկը էֆեկտիվ էր, ասեմ` բա ասում է, չէ, ինչի՞ չարեցիք: Էնքան հեշտ ա նստել Ֆեյսբուքում ինչ-որ բաներ գրել, կամ գոռալ-աղաղակել: Աշխատելը դժվար ա»:
«Ազատություն». – Այնուամենայնիվ, նաև կազմակերպական աշխատանք է ենթադրում առողջապահությունը: Եվ մի քանի դրվագների համար Առողջապահության նախարարությունը և պարետատունը շատ է քննադատվում, որ սկզբնական փուլում կարող էին անել, և վիճակը այսպես չբարդանար: Օրինակ, Իտալիայից թռիչքներ չընդունեինք կամ եկողներին մեկուսացնեինք, քարոզարշավը կասեցնեինք:
Տեր-Մինասյան. – Միգուցե: Ես շատ ուրախ եմ, որ Արցախում վիճակը չսրվեց, չվատացավ, բայց ես, օրինակի համար, հիշում եմ, երբ որ Արցախում ընտրություններ էին կազմակերպում, էն էլ էն ծանր ժամանակներն էր, ինձ համար դա սարսափելի էր: Ես մտածում էի` լավ, մարդիկ ինչի՞ են անում էդ քայլը: Ես անձամբ, որպես բժիշկ, շատ դեմ էի: Արդյո՞ք հնարավոր էր: Գուցե հնարավոր էր: Ես դեմ չեմ, որ անհրաժեշտ է քննարկել, հասկանալ: Մենք պետք է նաև հասկանանք էսպիսի մի բան. սա նոր հիվանդություն էր, որի մասին մենք չգիտեինք, և առողջապահության մեջ կա ամենահեղինակավոր կազմակերպությունը, որի հեղինակությունը ոչ ոք չի դնում հարցականի տակ: Դա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է: Եվ երբ որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ասում է, որ էս սեղանը սպիտակ է, եթե ես վեր կենամ կանգնեմ, ասեմ սև է, կամ առողջապահական նախարարություն, կամ պետություն ինչ-որ... կասենք` ի՞նչ եք անում, չէ՞ որ միջազգային ամենահեղինակավոր կառույցը ասում է, որ սպիտակ է: Երբ որ դու անում էն, ինչ որ էդ պահին ռեկոմենտդացիաների մեջ կա, ուղեցույցների մեջ կա... ինչ որ կա, դրանով աշխատում ես: Վերջ ի վերջո մենք խոսում ենք մի ինֆեկցիայի մասին, որի տարածման ճանապարհներից մեկը փակ տարածքներում գտնվելն է... և այո, ամռան ամիսներին տրամաբանական է, որ մենք պետք է ունենային թվերի նվազում: Այո, տրամաբանական է նաև, որ մենք եղանակի փոփոխության հետ հնարավոր է ունենանք թվերի բարձրացում:
«Ազատություն». – Միայն եղանակը չէ: Այդ հոռետեսական կանխատեսումները կապված են բուհեր, դպրոցներ վերաբացելու, թանգարան, գրադարան սահմանափակումների մեղմացում, 40 հոգանոց խնջույքներ և այլն: Նույնիսկ ասում են, որ բացառված չէ, որ հունիս-հուլիսի էդ ծանր դրությանը վերադառնանք:
Տեր-Մինասյան. – Մենք շատ հետաքրքիր մտածողություն ունեցող ազգ ասեմ, հանրության ասեմ, որի մի մասն էլ ես եմ: Երբ որ սահմանափակումներ ես մտցնում, ասում են էս ինչ եք անում, ինչի եք սահմանափակում, երբ որ սահմանափակումները ազատում ենք` էս ուրեք ազատում...Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ասում է` ամենայն հավանականությամբ կորոնավիրուսը աշխարհը կհաղթահարի 2022 թվականին: Էդ պարագայում արդյո՞ք մենք պատրաստ ենք ևս երկու տարի պահել փակ դպրոցներ, փակ բուհեր»: