Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հերքում է մամուլում վերջին օրերին համառորեն շրջանառվող լուրերը իր հրաժարականի մասին։
Ըստ այդ տեղեկությունների, պատճառը վարչապետի դժգոհությունն է կորոնավիրուսի համաճարակի շրջանակներում նախարարի կատարած աշխատանքից։
«Վարչապետի հետ նույնիսկ չեմ հիշում վերջին անգամ երբ եմ հանդիպել, էնքան առաջ ա էղել, էնքան վաղ ա էղել, հետևաբար չեմ ունեցել` եթե կարճ: Նման հրապարակումներ հիշում եմ, որ կան արդեն էրկու տարի ա մոտավորապես, հետևաբար իմաստ չեմ գտնում պատճառներ փնտրել, թե ինչու: Միգուցե ոմանց դրդմամբ, միգուցե գլոբալ քաղաքական շահարկումների, ոչ միայն իմ անձով պայմանավորված: Եվ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` կորոնավիրուսով հիվանդացած և դժբախտաբար մահացած, տոկոսը ցույց ա տալիս, որ առողջապահական համակարգը արել ա ավելին, քան կարող էր` հաշվի առնելով վերջի տասնամյակների առողջապահությանը հատկացված թե' ֆինանսական միջոցները և թե' ուշադրությունը», - լրագրողներին այսօր ասաց Թորոսյանը:
Արսեն Թորոսյանը այսօր Ազգային ժողովում մասնակցում էր բյուջետային ծրագրերի աշխատանքային քննարկմանը։ Իր հրաժարականի մասին համառ լուրերի ֆոնին հրապարակվեց վարչապետի որոշումը Արսեն Թորոսյանի 19-օրյա արձակուրդի մասին, որը կմեկնարկի օգոստոսի 31 -ին։
Հարցին, թե ինչու հիմա, երբ համաճարակը դեռ հաղթահարված չէ, Թորոսյանն արձագանքեց. – «Որևէ մեկը իրավունք չունի էդ նպատակահարմարությունը իմ արձակուրդի շահարկել: Ես լինելու եմ Հայաստանի Հանրապետությունում, միշտ հասանելի, հավանաբան նաև գործի եմ գնալու որոշ օրեր»:
«Ոչ ոք Առողջապահության նախարարությունից հաշվետվություն չի պահանջել, բայց մենք պարբերաբար հրապարակում ենք մեր ծախսերի մասին տեղեկատվությունը»: Սա էլ արդեն երկու տարի նախարարի պաշտոնը զբաղեցնող Թորոսյանի պատասխանն է այն հրապարակումներին, թե համաճարակի ընթացքում կատարված ծախսերը կասկածներ են առաջացրել Կառավարությունում. – «Ծախսերը մի քանի օր հրապարակել ենք օգոստոսի 1-ի դրությամբ: Եվ նույն կերպ կհրապարակենք սեպտեմբերի 1-ի դրությամբ, և հոկտեմբերի 1-ի դրությամբ»:
Առողջապահության նախարարը չի բացառում Հայաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիքի հավանականությունը: Չի հերքում, որ տնտեսական սահմանափակումների մեղմացումն ու սեպտեմբերի կեսին ուսումնական հաստատությունների բացումը կարող է նպաստել դրան: Հենց այդ պատճառով էլ հորդորում է խստորեն պահել հակահամաճարակային կանոնները. – «Մենք երկրորդ ալիք կամ կրկնակի ակտիվացում կարող ենք սպասել, սկսած մարդկանց մեծ շարժունակությունից. դա տնտեսական ակտիվությունն ա, դպրոցների բացումից, ինչպես նաև ավելի ցուրտ սեզոնից: Մենք դա հասկանալով և հաշվարկելով ենք որոշումները կայացրել և մտել այս պրոցեսի մեջ, եթե դասապրոցեսին անդրադառնանք: Բայց միևնույն ժամանակ հասկանում ենք, որ առանց դրա մենք կունենանք կրթության իրավունքից զրկված տասնյակ հազարավոր, հարյուր հազարավոր երեխաներ: Մի օրինակ եմ ուզում բերեմ երեխաների շրջանում կորոնավիրուսի տարածման. ամերիկյան մի ճամբարում, որտեղ եղել են առանց հակահամաճարակային կանոնների պահպանման երեխաներ, վարակի արձանագրումը մի վարակակիր երեխայից տարածվել ա մոտավորապես 95 տոկոսի վրա: Այսինքն` եթե մենք դասարանում ունենանք մեկ վարակված աշակերտ, որը չգիտի իր վարակման մասին, սիմպտոմ չունի, և մյուս աշակերտները չկրեն դիմակներ, չպահեն սոցիալական հեռավորություն և նույն կերպ շփվեն, մենք ունենալու ենք գրեթե հարյուր տոկոսանոց վարակման ցուցանիշ այդ դասարանում: Ինչը նշանակելու ա մոտավորապես հարյուր տոկոսանոց ցուցանիշ իրանց ընտանիքներում, որտեղ որ արդեն կլինեն ավելի խոցելի մեր քաղաքացիները»:
Այսօրվա դրությամբ Հայաստանում ավելի քան 43 հազար հաստատված դեպքից 864-ը ավարտվել է մահվան ելքով: Արսեն Թորոսյանը պնդում է, որ սա աշխարհում լավագույն ցուցանիշներից է. – «Վարակակիրների համեմատությամբ, առավոտյան դրությամբ 1,9 տոկոս էր: Էդ տոկոսը վերջին մի քանի ամիսներին ստաբիլ պահպանվում է: Բայց ուզում եմ մի նկատառում անել, որ պետք ա հաշվի առնենք, որ հաճախ մահանում են քաղաքացիներ, որոնք որ երկար ժամանակ բուժվում են, օրինակ 20-30 օր, և եթե մենք հետ ենք նայում, թե 20-30 օր առաջ ինչ թվեր ունեինք, կարող է այնպես ստացվի, որ մենք այսօր ունենք ցածր նոր դեպքեր, բայց մահվան բարձր ցուցանիշ: Դա պայմանավորված ա նախկինում բարձր ցուցանիշներով»: