Փենս. «Բայդենի ղեկավարած Ամերիկայում դուք ձեզ անվտանգ չեք զգա»

ԱՄՆ փոխնախագահ և փոխնախագահի թեկնածու Մայք Փենսը դիմում է հանրապետականների Ազգային համագումարի պատվիրակներին, Բալթիմոր, Մերիլենդ նահանգ, 26-ը օգոստոսի, 2020թ.

Միացյալ Նահանգներում շարունակվում է Հանրապետական կուսակցության նախընտրական համագումարը։ Անցած գիշեր համագումարի պատվիրակներին է դիմել փոխնախագահ Մայք Փենսը՝ խիստ քննադատության ենթարկելով նախագահի դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենին։

«Ջո Բայդենը հայտարարում է, որ Ամերիկայում համակարգային ռասիզմ է տիրում։ Նա պնդում է, որ իրավապահները փոքրամասնությունների հանդեպ քողարկված կանխակալ վերաբերմունք ունեն։ Նա կողմ է ոստիկանության ֆինանսավորման կրճատմանը։ Այս ամենը հաշվի առնելով պետք է նշել՝ դառը ճշմարտությունն այն է, որ Ջո Բայդենի Ամերիկայում դուք ձեզ անվտանգ չեք զգա», - հայտարարում էր Փենսը։