Անահիտ Ղազախեցյան․ Թղթի դիմաց խաբելը ինքնախաբեություն է

Երիտասարդ բանաստեղծուհի, թարգմանչուհի 20-ամյա Անահիտ Ղազախեթյանն արդեն իսկ հրատարակել է իր առաջին բանաստեղական ժողովածուն և արտասահմանյան ժամանակակից հեղինակների գրքեր իր թարգմանությամբ: Նա համոզված է, որ գրականությունը բոլոր ժամանակներում ունեցել է իր որոշակի դերն ու առաքելությունը հանրության կյանքում:

Այս վերջին ամիսների ընթացքում զբաղվել է միայն թարգմանություններով: «Ազատության» հետ զրույցի ընթացքում Անահիտը ուշագրավ դիտարկում արեց՝ վերջին ամիսների ստեղծագործական պասիվությունը համարելով համավարակային այս իրականությունը չընկալելու կամ դժվարությամբ ըմբռնելու արդյունք:

Ղազախեցյան. – Մարդկանց մի մասը ինտենսիվ, շատ ստեղծագործում է` նկարիչ ընկերներս, կամ երաժիշտները, կամ գրողները, ում հետևում կամ ճանաչում եմ և' դրսում, և' Հայաստանում: Եվ կա գրողների և արվեստագետների բավականին ստվար հատված, որոնք գրեթե ոչինչ չեն անում, ու ես ստեղծագործական, պոեզիայի առումով, ցավոք, իրենց մեջ եմ:

«Ազատություն». - Ի՞նչն է պատճառը:

Ղազախեցյան. – Կարծում եմ, իրականում այնքան շատ գրելու, ասելու բան կա, ու այնքան շատ է դրա հետ մեկտեղ չհասկացվածությունը, այսինքն` իրերի, ձևերի ու այդ ամեն ինչի, որ տարօրինակ ինչ-որ շրջանում ես, որտեղ չես հասկանում ինչ է կատարվում, չես հասկանում ինչ պիտի անես, ինչպես պիտի անես:

«Ազատություն». – Որևէ հուսադրող բան չկա՞ առջևում:

Ղազախեցյան. – Միանշանակ կա: Ես բավականին լավատես եմ... Երբ չի գրվում, հետո պիտի գրվի, երբ չի ասվում, հետո պիտի ասվի: Դա ընդամենը ժամանակի հարց է, ու ժամանակը ըմբռնելու, հասկանալու հարց:

«Ազատություն». – Հավանաբար այս դեպքում Ձեզ օգնության է եկել նաև թարգմանչական աշխատանքը:

Ղազախեցյան. – Վերջերս կարդում էի Աննա Ախմատովայի նամակները: Դրանցից մեկում Ախմատովան ասում է, որ թարգմանությունը գրողի, հատկապես բանաստեղծի համար մահացու ինչ-որ գործ է իր անձնական ստեղծագործական կյանքի համար: Բայց ես դա այդքան էլ չեմ զգում: Թարգմանելը ավելի է մոտեցնում գրականությանը... Ընթերցելը մոտեցնում է, բայց այդ ընթերցածը թարգմանելը դա կատարելություն ոնց որ լինի:

«Ազատություն». - Ո՞րն է ամենակարևորը Ձեզ համար աշխատանքի ընթացքում:

Ղազախեցյան. – Չստելը: Անկեղծ լինելը: Որովհետև թղթի դիմաց խաբելը ինքնախաբեություն է, իսկ ինչպես ասում էր Տարկովսկին, քեզնից փախչելու տեղ չունես:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ․

Your browser doesn’t support HTML5

Անահիտ Ղազախեցյան․ Թղթի դիմաց խաբելը ինքնախաբեություն է