«Դոսյե». «Ինչպես է Ռուսաստանը միջամտում հարևան երկրների ներքին քաղաքականությանը»

Georgia -- parliament. 2020

«Կրեմլը միլիոնավոր դոլարներ ու քաղաքական տեխնոլոգիաներ է գործի դրել մոտ մեկ ամսից Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին միջամտելու համար», - պնդում է «Դոսյե» կենտրոնը, որը ֆինանսավորում է Ռուսաստանի երբեմնի ամենահարուստ գործարարներից մեկը` Կրեմլի քննադատ, այժմ վտարանդի Միխայիլ Խոդորկովսկին:

Հետաքննությունը բազմաթիվ փաստաթղթեր, այդ թվում ֆինանսական հաշվետվություններ ու Մոսկվայից Թբիլիսի ուղարկված էլեկտրոնային նամակներ է հրապարակել, որոնք վկայում են՝ Կրեմլը փորձում է սեփական շահերն առաջ տանել վրաստանյան ընդդիմադիր «Հայրենասերների դաշինքի» միջոցով: Կուսակցություն, որի առաջնորդները` Իրմա Ինաշվիլին ու Դավիդ Թարխան-Մոուրավին պայքարում են ՆԱՏՕ-ի անդամակցության դեմ, աղմկոտ հանրահավաքներ կազմակերպում Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան մոտ` պահանջելով փակել Սորոսի գրասենյակն ու Վրաստանում գործող ամերիկյան կազմակերպությունները, իշխանություններին հորդորում են սերտացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Վրաստանի նոր խորհրդարանում նրանց տեղն ապահովելու համար, ըստ հետաքննության, Մոսկվան վարձել է քաղաքական տեխնոլոգիաներով զբաղվող POLITSECRETS ընկերությանն ու քաղաքագետ Սերգեյ Միխեևին, ով դեռ տարեսկզբին Կրեմլ է ուղարկել առաջարկվող քայլերի բովանդակությունն ու նախահաշիվը:

«Նախագծի ընդհանուր արժեքը՝ 700 հազար դոլար: Դրա մեջ մտնում են բոլոր ծախսերը, այդ թվում` չվերթները, տրանսպորտը, կեցության գումարը և այլն: Սրա մեջ, սակայն, ներառված չէ մասնակցությունը երկրորդ փուլին, եթե նման անհրաժեշտություն ծագի», - ընդգծել է քաղտեխնոլոգը` փաստելով, որ դրա համար կարիք կլինի հավելյալ վճարել:

Միխեևը, ով, ի դեպ, իրեն ներկայացնում է որպես անկախ քաղաքագետ, տարիներ առաջ հեռուստահաղորդում էր վարում Կրեմլի խոսափողը համարվող Վլադիմիր Սոլովյովի հետ, հետո էլ հիմնադրել է Կասպյան համագործակցության ինստիտուտը, որի միակ պատվիրատուն առաջին իսկ օրից եղել և մնում է Կրեմլը: 2014-ից Լիտվայի նախաձեռնությամբ նա «պերսոնա նոն գրատա» է հայտարարվել Եվրամիության տարածքում:

Վրացական կուսակցության առաջխաղացմանը լծված մյուս կազմակերպությունը` POLITSECRETS-ը, ըստ պաշտոնական կայքի, 1997-ից ընտրարշավներ է կազմակերպել Ռուսաստանում, Ղազախստանում, Ղղըզստանում և Ուկրաինայում: Ընկերության ղեկավար Վերա Բլաշենկովան Թբիլիսի ուղարկված հանձնարարականներում և ուղեցույցներում մանրամասն բացատրել է, թե ինչպես պետք է ռուսամետ ուժն աշխատի «չկողմնորոշված» ընտրազանգվածի հետ, ինչ մեթոդներով պետք է ձայներ խլի իշխող «Վրացական երազանքից» կամ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից:

«Մեր շահերից է բխում նպաստել բողոքական տրամադրությունների սաստկացմանը, ուստի անհրաժեշտ է խոսել ապագա պրոբլեմների ու աղետների մասին, որոնք ի հայտ կգան, եթե իշխանությունը չփոխվի, կամ եթե այն վերստին իրենց ձեռքն առնեն Սաակաշվիլիի աջակիցները` ամերիկացիների օգնությամբ», - նշել է ռուս քաղտեխնոլոգն ու շարադրել, թե ինչ լեզվով պետք է խոսեն և ինչ բառեր պետք է գործածեն վրացի քաղաքական գործիչները` ընտրողների վրա առավելագույնս ներգործելու համար:

«Օրինակ, պետք է հայտարարել` եթե մենք չփոխենք քաղաքական համակարգը, մինչև Նոր տարի մեզ սպասում է գործազրկության կտրուկ աճ և բնակչության արտագաղթ, վրացիները կրկին կդառնան Եվրոպայում ապօրինի միգրանտ», - գրել է նա:

Է'լ ավելի տպավորիչ են խորհուրդները Արևմուտքը սևացնելու մասով: «Օրինակ, պետք է հայտարարել, թե Սաակաշվիլիի աջակիցները ամերիկացիներից օգնություն ստանալու համար պատրաստ են համաձայնել, որ նրանք փորձեր դնեն մեր երեխաների վրա` վաղ սեքսուալ դաստիարակության անվան տակ», - սովորեցնում է POLITSECRETS-ը:

Ռուսական կազմակերպությունը միայն խորհուրդներով չի բավարարվել, նաև նախընտրական տեսահոլովակներ է պատրաստել, որոնք պետք է հեռարձակվեն հոկտեմբերի 31-ին կայանալիք ընտրություններից առաջ: Տագնապալի երաժշտության հնչյունների ուղեկցությամբ էկրանի թվերը զգուշացնում են աճող գործազրության կամ օր-օրի ավելացող հանցագործությունների մասին, վերջում էլ ընդգծում, որ այս խնդիրները միայն ռուսամետ ուժը կարող է լուծել:

Գաղտնազերծված փաստաթղթերից երևում է, որ տեղեկատվական աջակցությանը լծվել են Մոսկվայի կողմից ֆինանսավորվող "Sputnik Грузия", "EurAsia Daily", "Regnum" գործակալություններն ու «Հյուսիս-հարավ» քաղաքագիտական կենտրոնը, որի ղեկավար Անժելիկա Տրապեզնիկովան ամեն օր հանգամանալից հաշվետվություններ է ուղարկում Կրեմլ:

Ընդ որում, կուլիսներում տարվող ողջ այս գործընթացը, ըստ հետաքննության, համակարգվում է մեկ կենտրոնից` Պուտինի աշխատակազմի Արտասահմանյան երկրների հետ միջռեգիոնալ և մշակութային գծով վարչությունից, որը, ըստ «Դոսյե»-ի, ստեղծվել է ԱՊՀ երկրներում «գունավոր հեղափոխությունները» կանխելու համար: Պատահական չէ, որ այդ բաժինը ղեկավարում է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզական ծառայության գեներալ Վլադիմիր Չերնովը:

Հրապարակված փաստաթղթերից երևում է, որ ռուս քաղտեխնոլոգները վրացի ընդդիմադիրների հետ իրենց նամակագրությունը հետո հասցեագրել ու իրականացվող քայլերի մասին հաշվետվություն են ուղարկել Կրեմլում աշխատող այդ գեներալի տեղակալներին` Անվտանգության դաշնային ծառայության պահեստի գնդապետ Վալերի Մաքսիմովին և Գլխավոր հետախուզական վարչության սպա Վալերի Չերնիշովին:

Ի դեպ, «Դոսյե»-ն խոստանում է հաջորդ հրապարակումներով բացահայտել, թե ինչպես է Պուտինի վարչակազմը ռուսամետ գործակալների հավաքագրում ու համակարգում նրանց աշխատանքը Կովկասում և Բալթյան երկրներում, ինչու է Կրեմլը «խաչ քաշել» Նուրսուլթան Նազարբաևի վրա և ով է անձամբ «հետևում» Հայաստանի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: