«Ինչի՞ զրկվեմ լույսից ու արժանապատիվ ապրելուց». Աղբյուր Սերոբ 7-ի բնակիչները դեմ են նոր շենքի կառուցմանը

Երևանի Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչները դեմ են իրենց շենքի առջև նոր բազմաբնակարան շենքի կառուցմանը, հենց այդ պատճառով նրանք այսօր համանուն փողոցն էին մի քանի րոպեով փակել։ Բնակիչները բողոքում են՝ եթե բազմաբնակարան շենքը կառուցվի, ապա իրենք կզրկվեն արևի լույսից, բակում էլ տեղ չի մնա զբոսնելու համար: Վստահ են՝ կառուցվող շենքի բնակիչներն էլ իրենց տարածքները մեքենա կայանելու համար կօգտագործեն՝ այդ ձևով ևս անհարմարություն պատճառելով իրենց։

«Ազգային ժողովի պատգամավորներին, քաղաքապետարանին կոչ եմ անում ոչ միայն օրենքներ մեջբերել քաղաքացիների հետ խոսելուց, այլ մի հատ հասկանալ` մարդիկ այստեղ հնարավորություն ունեն արժանապատիվ ապրելու, թե չունեն: Շատ մարդիկ` այս ամեն ինչից հիասթափված, ասում են` մենք էլի արտագաղթելու ենք, մենք այստեղ տուն ենք առել, մենք էս բակը սիրում ենք, բայց մենք մեր բակից ենք արդեն զրկվում», - ասում է բնակիչներից Դավիթ Պետրոսյանը:

Մյուս բնակիչը` Արմենուհի Զաքարյանը, նշում է. - «Էն կողմից էլ ենք զրկված լույսից, կարանք գնանք, նկարենք, բայց ինչի՞ պիտի ես զրկվեմ, ասեք: Էս իմ բնակարանն է, իմ պապայիս տունն է, ես ինչի՞ պիտի զրկվեմ էս տեսարանից, շնչեմ էս փոշին 2 տարի, զրկվեմ լույսից ու արժանապատիվ ապրելուց»:


Նախկին մանկապարտեզի տարածքում տասը հարկանի բազմաբնակարան շենք կառուցելու շինթույլտվությունն ունեն, իրենք օրենք չեն խախտում, արձագանքում են կառուցապատումն իրականացնող ընկերությունից։ Բնակիչներին էլ վստահեցնում են՝ շենքի հարևանությամբ նաև կանաչապատ զբոսայգի է լինելու։

«600 մետր շուրջ լինելու է կանաչ գոտի, այսինքն` ամբողջ հողամասը չի կառուցվում, և նախատեսված է նախագծով», - շեշտում է կառուցապատողի ներկայացուցիչ Տիգրան Խուրշուդյանը:

Կառուցապատում իրականացնող ընկերությունը մոլորեցնում է իրենց, այն տարածքը, որը ներկայացնում են այգի, հիմա սեփական տներ են, ասում են բնակիչները։ «Այն կանաչ տարածությունը, որ իրենք ցույց են տալիս, այդտեղ հիմա սեփական տներ են, այսինքն` էս գարաժները պետք է չլինեն, էս գարաժների սեփականատերերը չգիտեն, որ իրենց տները չեն լինելու: Այնտեղ սեփական տուն կա` էն մեկի ներքևը, այնտեղ Վազգենն է բնակվում, ինքն էլ չգիտի, որ իրենց տունը քանդվելու է», - նշում է Դավիթ Պետրոսյանը:

Բնակիչներից Ալեքսանդր Գևորգյանը հավելում է. - «Մենք վստահ չենք, որ կանաչ տարածք կլինի այստեղ, որովհետև սեփական տներ ենք տեսնում, և այստեղ մենակ, ինձ թվում է, պետք է շենքը կառուցվի»:

Բնակիչները կասկածի տակ են դնում նաև շինթույլտվության օրինականությունը: Այն այս տարի էր տրվել: Ասում են՝ շատ հապճեպ։

«Այսքան բնակիչներ կան, ոչ կառուցապատողը, ոչ դուք չեն հարցրել մարդկանց կարծիքը այս ամեն ինչի հետ կապված: Ոչ մի հանրային լսում չի իրականացվել, ոչ մի հարց չի տրվել, կառուցապատողին ինչ-որ բան հարցնեն, ասեն` մենք շինթույլտվություն ունենք, ինչ կուզենք` կանենք, հետո պարզվել է, որ շինթույլտվություն տրվել է քանդելուց մի 2 օր առաջ: Մտնում ենք քաղաքապետարանի սայտ, շինթույլտվությունը չկա դեռ: Մենք ակցիա ենք անում, գիշերը ժամը 2-ին շինթույլտվությունը հայտնվում է», - շեշտում է Դավիթ Պետրոսյանը:

Այդ է պատճառը, որ պահանջում են շինարարության կասեցում ու նոր փորձաքննության իրականացում։ Մինչդեռ քաղաքապետարանից ևս պնդում են՝ որևէ հիմք չկա շինարարությունը դադարեցնելու համար. - «Թույլտվությունը տրվել է այն սկզբունքով, որ դիմումատուն` հետագայում կառուցապատողն ունի իր սեփականության իրավունքով պատկանող հողամաս, ըստ ընթացակարգի դիմել է, դիտարկվել է այս գործընթացը, նախագծողին հանձնարարվել է, կատարվել է նախագիծ, և նախագիծը, անցնելով համապատասխան փորձաքննություններ, ներկայացվել է համաձայնեցման», - պարզաբանում է Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Գրիգոր Բաբաջանյանը:

«Խնդիրն այն է` այս տարածքում որքանո՞վ է դա ողջամիտ: Մյուսը` խտությունը դուք տեսե՞լ եք, մինչև հիմա պարզ չէ` այդ շենքը որտեղ է կառուցվելու, էն շենքի ուղղությա՞մբ է կառուցվելու, չի կարա էն շենքի ուղղությամբ կառուցվի, որովհետև հետը սեփական տներ են, էտ սեփական տները չեն քանդվի: Եթե էս ուղղությամբ պետք է կառուցվի, ուրեմն մարդիկ զրկվում են արժանապատիվ ապրելու իրենց իրավունքից, ու դուք որոշում կայացնելուց Հայաստանում եք ապրում, ոչ թե մի հատ նայեք, տեսեք` օրենքով հարմար է, թե չէ, այլ մարդիկ իրենց հանգիստ են զգալու», - արձագանքում է Դավիթ Պետրոսյանը:

Արաբկիր համայնքում գտնվող բազմաբնակարան շենքի կառուցման տարածքում նախկինում մանկապարտեզ է եղել, այն վաճառվել է 1998 թվականին։ Տարածքն այս տարիների ընթացքում, ըստ «Հետք» պարբերականի, մի քանի սեփականատեր է փոխել, եղել է Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ փոխկապակցված Ռուզաննա Ասուլյանի սեփականությունը, հիմա տարածքի կառուցապատողը Էդուարդ Սուքիասյանն է։