Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը մեր լավագույն մշակութային կենտրոններից մեկն է: Այստեղ պարբերաբար ոչ միայն նորանոր ցուցահանդեսներ են բացվում, այլև տեղի են ունենում համերգներ, գրական երաժշտական երեկոներ, հանդիպումներ:
2013-2016 թվականներին տեղի ունեցած հիմնանորոգումից հետո տուն-թանգարանում գործում է նաև «Սարյան» ստուդիան, որի սաներն իրենց ստեղծագործություններով արդեն իսկ հասցրել են բարձր գնահատականների արժանանալ:
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը 5-ամսյա դադարից հետո երեկ վերջապես բացեց դռները այցելուների առաջ: Թանգարանի երկարամյա տնօրեն, Սարյանի թոռնուհի, արվեստաբան Ռուզան Սարյանը համոզված է, որ Սարյանի արվեստի հետ շփումը անպայման ամոքիչ կարող է լինել համավարակային այս ժամանակահատվածում արվեստի կենտրոններից հեռու մնացած մարդկանց համար:
Ռուզան Սարյան. – Ես չեմ կարծում, որ թանգարաններն ամենավտանգավոր վայրն են, եթե աշխատում են ռեստորանները, կաֆեները: Եթե կարելի է 40 հոգով ինչ-որ խնջույք կազմակերպել, ապա թանգարան այցելելը, որտեղ կա տարածություն և սոցիալական հեռավորությունը պահպանելը շատ ավելի դյուրին է, և ընդհանրապես հոգևորը միշտ բուժիչ և պահպանիչ դեր է խաղում: Չեմ կարծում, որ դա կարող է վնասել... Մենք շատ մեծ թանգարան չենք, վերահսկելը հեշտ է, բոլոր կանոնները նախատեսված են, ամեն ինչ արվում է: Սպասում ենք այցելուների: Նույնիսկ ուզում ենք վերաբացել մեր «Սարյան» նկարչական ստուդիան երեխաների համար, որովհետև այնտեղ էլ կան պայմաններ ամեն ինչը վերահսկելու:
«Ազատություն». – Ո՞րն էր թանգարանի աշխատանքի համար ամենադժվարը համավարակային այս շրջանում:
Սարյան. – Ամենադժվարը դատարկ թանգարանը տեսնելն էր, առանց այցելուների: Դա ինձ համար ամեն անգամ ստրես էր: Ոնց որ մի շատ հարազատ մարդ, որ լքված է, նրա մոտ ոչ ոք չի գալիս: Այդպիսի մի ծանր զգացողություն էի ապրում: Հիմա կամաց-կամաց կյանքը վերադառնում է, գալիս են ընտանիքներով: Այսօր էլ եկան, երեխաների ձայն ես լսում և ուրախանում ես: Կյանքը շարունակվում է:
«Ազատություն». – Երևի նաև ցուցահանդեսնե՞ր էին նախատեսված:
Սարյան. – Մեծ ցուցահանդեսը, որը մենք էդպես էլ չկարողացանք բացել, նվիրված է Սարյանի 140-ամյակին, մյուս տարի նշվելիք Սպենդիարյանի 150-ամյակին: Դա «Ալմաստ» օպերայի սարյանական ձևավորման էսքիզների ցուցահանդեսն է: Եվ դա էլ կարող են վայելել մեր այցելուները: Մենք առցանց բացումը արեցինք մեր ֆեյսբուքյան էջում: Կարելի է նաև առցանց ամեն մի նմուշը շատ մանրակրկիտ ուսումնասիրել` մոտեցնել, հեռացնել, շրջել.... Ցուցահանդեսը գործելու է մինչև հոկտեմբերի 10-ը: Լավ ցուցահանդես է, ափսոս է, որ չայցելվի»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ․
Your browser doesn’t support HTML5