Ռուս բժիշկները թույլ չեն տալիս արտասահման տեղափոխել Նավալնուն

Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնու կինը՝ Յուլիա Նավալնայան զրուցում է լրագրողների հետ Օմսկի հիվանդանոցի մոտ, 21-ը օգոստոսի, 2020թ.

Ռուս բժիշկները թույլ չեն տալիս արտասահման տեղափոխել Կրեմլի խիստ քննադատ Ալեքսեյ Նավալնուն, ում ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել էր երեկ վաղ առավոտյան՝ Տոմսկ- Մոսկվա չվերթի ժամանակ։

Ընդդիմադիր գործչի աջակիցները պնդում են, թե ոստիկանությունը նրա օրգանիզմում քիմիական թունավոր նյութ է հայտնաբերել։ Նավալնու կինն ասել է, որ այդ մասին իրենց հայտնել է Տրանսպորտային ոստիկանության աշխատակիցը, սակայն մանրամասներ չի հաղորդել՝ վկայակոչելով նախաքննության գաղտնիությունը։

Օմսկի Շտապօգնության հիվանդանոցի փոխտնօրենը, մինչդեռ, պնդել է, թե թունավորման որևէ հետք Նավալնու օրգանիզմում դեռ չեն հայտնաբերել, և որ հետազոտությունները դեռ շարունակվում են։

Բժիշկներն առայժմ մանրամասներ չեն հայտնում նաև 44 ամյա Նավալնու մասին, ով, ըստ նախնական տեղեկությունների, դեռևս գտնվում է կոմայի մեջ։ Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդներն անցած գիշեր հայտարարել էին, թե պատրաստ են բժշկական օգնություն տրամադրել նրան, Բեռլինից անգամ շտապօգնության ինքնաթիռ էր մեկնել Օմսկ։ Մինչդեռ տեղի հիվանդանոցը, որտեղ և հոսպիտալացվել է Նավալնին, տեղափոխման համաձայնություն չի տալիս։

Տե՛ս նաև այստեղ