Խաշթառակցիները չեն հավատում, թե պապն է ծեծել թոռներին

Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում Հակոբջանյանների հարևաններն են պատմում մի ընտանիքի մասին, որտեղ մեծանում էր 7 երեխա և այժմ 7-ն էլ տեղափոխվել են Երևանի բուժհաստատություններ: Նրանցից 6-ամյա տղայի վիճակը «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի մասնագետները գնահատում են ծայրահեղ ծանր, կյանքին վտանգ է սպառնում:

Ի՞նչ է կատարվել: Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ երեխաների պապն է իր անդորրը խանգարելու պատճառով ձեռքերով, ոտքերով, փայտով բազմաթիվ վնասվածքներ հասցրել 6-ամյա թոռանը և ևս երկու փոքրիկների: Գործ է հարուցված, 57-ամյա պապը ձերբակալված է:

Խաշթառակում չեն հավատում, որ պապը մահվան դուռն է հասցրել թոռանը:

Գարուշ Սարիբեկյանը, օրինակ, ասաց. – «Ինքը չի թակել: Իրա աղջիկը թակել ա, իրա վրա ա վեկալել»:

7 երեխաներից երկուսը Հակոբջանյանների որդունն են, իսկ հինգը աղջկա երեխաներն են: Տունը, բակը աղբի մեջ կորած է: Հարևաններից Գագիկ եղիկյանն ասում է, որ 7 երեխաները ողջ օրը աստճաններով վերուվար էին գլորվում: Գյուղում, ըստ հարևանի, այս երեխաների հետ ոչ ոք չէր խաղում, որովհետև տան մեծերը հոգեկան առողջության խնդիրներ ունեին, մաքրակենցաղ չեն:
Եղիկյանի վարկածն այն է, որ բռնություն չի եղել, քանի որ մինչև շտապօգնությունը 6-ամյա տղային ու նրա մորը հիվանդանոց տանելն էլ , արդեն երեխաներից մի քանիսը թունավորման նշաններով, ուշաթափություններով ու արյուանհոսությամբ էին:

Ըստ հարևանի ՝ խաղացել ու հընթացս մկնդեղ են կերել. – «Էդ ամանի մեջ դրած է էղել կռիսների, մկների համար, էդ էրեխեքը գնացել են, վերցրել, խաղացել, կերել...»

Այսօր Հակոբջանյանների տանը ոչ ոք չկար. պապը ձերբակալված է , տատն ու որդին ցուցմունք են տալիս, հարսը հիվանդանոցում է: Իսկ հորաքույրը, որ հինգ երեխաների մայրիկ է, Իջևանի բուժկենտրոնում էր, որտեղ առավոտից ստուգման էին բերել մյուս 5 երեխաներին:

Էդուարդ Գրիգորյան, Իջևանի բժշկական կենտրոնի տնօրեն. – «Քննիչները զբաղվում են մի էրեխի հետ, մյուսը մոր գրկում ա, էրկու էրեխա էլ ինտենսիվ պալատում են»:

Գրիգորյանն ասաց, որ հինգն էլ արյան մակարդելիության խնդիր ունեն, երեխաների մարմինը կապտուկների մեջ է: Չի բացառում, որ բռնություն է եղել, բայց ասում է այս ամենն ավելի շատ նման է էկզոգեն թունավորման:

Երեխաները շտապօգնության մեքենայով տեղափոխվում են Երևան, հիվանդանոցի բակում կանգնած մնաց հորաքույրը՝ 28-ամյա Մարիաննան: Նա պնդում է, թե ծեծ չի եղել. – «Չեմ խփում: Ինչ ասում են, սուտ են ասում»:

Համոզում է, թե իր ու եղբոր երեխաներին շատ լավ է պահում, իսկ տներն ասաց, մաքուր չեն, որովհետև չգիտի` երեխաների՞ն պահի, թե՞ տուն մաքրի:

Երեխաներից ամենափոքրը մեկ տարեկան է և շտապօգնության մեքենայի միջից շատ երկար նայեց մայրիկի հետևից: Երեխաները օրվա վերջին հասան Մուրացան համալսարանական հիվանդանոց:

Այս ողբերգությունը քննվում է Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեկան գործի շրջանակում: Խաշթառակից շատերն էին այսօր ցուցմունք տալու գնացել, այդ թվում համայնքապետարանի խնամակալության հոգաբարձության մարմինի անդամները: Հոգեկան առողջության խնդիրներով մեծահասակներ ու նրանց խնամքին մնացած 7 անչափահասներ. Խաշթառակում այսքան խոցելի միակ ընտանքին է, այսինքն` այս մարմնի ուշադրության տակ պետք է որ հայտնված լինեին .

«Համայնքապետարանը օգնություններ ա տրամադրել մի քանի անգամ: Դրանից ավել էլ ի՞նչ անի համայնքապետարանը», - ասաց Խաշթառակի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Արշակ Սահրադյանը:

Տավուշի մարզպետարանի ընտանիքի, կանանց ու երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Հարություն Քոչարյանը ասում է, թե որևէ ահազանգ մինչև այս դեպքը չեն ստացել. – «Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները գտնվում են առաջին հերթին համայնքի խնամակալության և հոգաբարձության ուշադրության կենտրոնում: Իրենք էդ ուշադրությունը մշտապես դրսևորել են»:

Եթե բժիշկներին հաջողվի առողջացնել բոլոր երեխաներին, մարզպետարանը խոստանում է բոլորին տեղափոխել ՀՕՖ-ի աջակցության կենտրոն:

Իսկ հարևանները պատմում են, որ երեխաները փաստացի մեծանում էին առանց ծնողական խնամքի, մի՞թե հնարավոր չէր ավելի վաղ, մինչև նրանց տուժող դառնալը, տեղափոխել խնամքի որևէ հաստատություն:

Մարիաննան էլ հիվանդանոցի բակում պատմեց. ցանկացել է երեխաներին տեղավորել որևէ հաստատությունում, բայց լսել է, որ երեխաները պետք է մեծանան ընտանիքում: