2021-ի առաջին եռամսյակից Երևանում աշխատանքները կմեկնարկի նոր Պարեկային ծառայությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության շրջանակում քննարկվել է ՀՀ ոստիկանության բարեփոխումների ընթացքը: Անդրադարձ է եղել նոր Պարեկային ծառայության ստեղծման օրակարգին:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ բարեփոխումն ընթանում է բնականոն հունով, սահմանված ժամանակացույցին համապատասխան. նախատեսվում է, որ Պարեկային ծառայությունը Երևանում իր աշխատանքները կմեկնարկի 2021թ. առաջին եռամսյակից, իսկ ամբողջ Հայաստանում՝ 2022թ. առաջին եռամսյակից:

Նշվել է, որ արդեն 2020թ. հոկտեմբերի կեսերից Ոստիկանության կրթահամալիրում կմեկնարկի ընտրված քաղաքացիների ուսուցման գործընթացը, որի նպատակը համապատասխան պատրաստվածություն ունեցող՝ նոր գործառույթներով, սարքավորումներով, հմտություններով և մտածելակերպով ծառայողի կերպարի ձևավորումն է:

Խորհրդակցությանը քննարկվել են ստեղծվելիք ծառայության կառուցվածքային և կադրային համալրմանը, ինչպես նաև կառույցի տեղակայմանը վերաբերող հարցեր: