Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ է

Ռուսաստան - Համացանցում տարածվել է Ալեքսեյ Նավալնիի հոսպիտալացման տեսանյութը, Օմսկ, 20-ը օգոստոսի, 2020թ.

Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին շարունակում է գտնվել Օմսկի շտապ օգնության հիվանդանոցում՝ անգիտակից վիճակում։

Ընդդիմադիր գործչի ինքնազգացողությունը կտրուկ կերպով վատացել էր այսօր առավոտյան Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում։ Ինքնաթիռի անձնակազմը ստիպված էր եղել արտակարգ վայրէջք կատարել Օմսկում, որից հետո Նավալնին տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք։

Նավալնիի թիմակիցների ենթադրությամբ՝ ընդդիմադիր գործչին թունավորել են։

«Ալեքսեյը շարունակում է միացված մնալ թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Նա կոմայի մեջ է՝ ծանր վիճակում», - Twitter-ում գրել է Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։ Ընդդիմադիրները ենթադրում են, որ նրան թունավորել են օդանավ նստելուց անմիջապես առաջ։

«Նավալնիի թունավորումը դեռ հաստատված չէ, նրա ախտորոշումը կհստակեցվի օրվա ընթացքում», - «Ինտերֆաքս» գործակալությանը փոխանցել է Օմսկի թիվ 1 շտապ օգնության հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոն։