Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալներից Միքայել Հարությունյանի՝ Ռուսաստանի քաղաքացի դառնալու հանգամանքները քննվում են Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) հարուցված Մարտի 1-ի գործի շրջանակում։ «Ազատության» հարցմանն ի պատասխան Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ «Հարությունյանի կողմից այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու, ինչպես նաև այլ երկրի քաղաքացի հանդիսանալու պայմաններում ՀՀ զինված ուժերում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնելու հանգամանքները, իրավաչափությունը քննության առարկա են դարձվել Մարտի 1-ի գործի քննության շրջանակներում»։
Նախաքննության տվյալների գաղտնիության սկզբունքից ելնելով՝ Գլխավոր դատախազությունն այլ մանրամասներ չի հաղորդում։
Հիշեցնենք՝ անցած շաբաթավերջին ՀՔԾ-ից «Ազատությանը» հայտնեցին, որ Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է և 2002 թվականին ստացել է ՌԴ անձնագիր:
Գեներալ-գնդապետ Հարությունյանն արդեն շուրջ երկու տարի Մարտի 1-ի գործով հետախուզման մեջ է որպես առանցքային մեղադրյալ։ Հայտնի է, որ նա գտնվում է Ռուսաստանում, իսկ ամիսներ առաջ այս երկիրը հրաժարվել է Միքայել Հարությունյանին արտահանձնել Հայաստան՝ հենց ՌԴ քաղաքացի լինելու պատճառաբանությամբ։