Կրթության նախարարությունում հաստատակամ են՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը այլ տնօրեն կունենա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանը, 19-ը օգոստոսի, 2020թ.

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը նոր ղեկավար կունենա։ Կրթության նախարարությունում հաստատակամ են՝ Աշոտ Բլեյանի 65 տարին լրանալուց հետո նա, ինչպես օրենքն է պահանջում, պետք է հեռանա այդ պաշտոնից։ Այդուհանդերձ, կրթական գերատեսչությունում դեմ չեն Բլեյանին այլ պաշտոնում տեսնելուն, ավելին՝ ասում են՝ նրան առաջարկվել է կրթահամալիրի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանն «Ազատության» հետ զրույցում նշեց. - «Ցավոք սրտի, պիտի ասեմ, որ որևէ, այսպես ասենք՝ պատրաստակամություն կառուցողական խոսակցության կամ քննարկման մինչ այս պահը մենք չենք տեսել»։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանն «Ազատությանն» ասաց. - «Ես սեպտեմբերի 7-ին այլևս պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավար չեմ: Սա փաստ է, այլևս գիտի կրթահամալիրը իր համայնքով: Ես չեմ էլ պատրաստվում անօրինական և չեմ անի նման բաներ, բայց, միևնույն ժամանակ, չկա այդպիսի ուժ, որը ինձանից խլի պատասխանատվությունը իմ հեղինակած կրթահամալիրի նկատմամբ»։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը նաև հայտնի է «Բլեյանի դպրոց» անունով։ Կրթական կառույցը հիմնադրած ու կյանքի 31 տարին նույն դպրոցում անցկացրած Աշոտ Բելյանը դեմ է նախարարության առաջարկին։ Այդ է պատճառը, որ դիմել են Կառավարությանը «Մխիթար Սեբաստացի» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հիմնադրամի վերակազմավորելու առաջարկով։ Կրթահամալիրում կարծում են՝ դա է հարցի լուծումը, իրենք այդպես իրացնում են իրենց իրավունքը։ Կրթահամալիրը ՊՈԱԿ-ից հիմնադրամ վերափոխելու պարագայում Աշոտ Բլեյանը կարող է 65 տարին լրանալուց հետո էլ շարունակել ղեկավարել կառույցը։

«Երկու փոխտնօրեններ իրենց հայտարարությամբ, որին միացել են, միանում են հարյուրավոր սեբաստացիներ, կրթական համայնքի անդամներ՝ մանկավարժական աշխատողներ, շրջանավարտներ, հիմնադրին, Կառավարությանն ասում են՝ պաշտոնատար անձի անգործությունը վտանգավոր բան է, մի՛ արեք այդ բանը, որովհետև խելամիտ ժամկետ կա Քաղաքացիական օրենսգրքով սահմանված, Կառավարություն եք՝ այդ ժամկետի մեջ տեղավորվեք», - նշեց Բլեյանը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հակադարձում են՝ անձով պայմանավորված իրենք ոլորտային քաղաքականությունը չեն փոխելու, չնայած նրան, որ բարձր են գնահատում Բլեյանի մեծ ներդրումը ոչ միայն կրթահամալիրի զարգացման, այլև հայաստանյան հանրակրթության կայացման գործում։ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանն ակնարկում է, որ այդ փոփոխությամբ նախադեպ կարող է ստեղծվել մյուս դպրոցների տնօրենների համար։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ այս իրավիճակում հենց նախարարությունը պետք է քայլեր ձեռնարկեր, որպեսզի «Մխիթար Սեբաստացի» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեր որպես հիմնադրամ, մատնանշում է՝ Աշոտ Բլեյանը մասնավորապես հեղինակային մանկավարժության և ընդհանրապես կրթության ոլորտում ահռելի ներդրում ունի։

«Նման դեպքերում, իհարկե, նախարարությունը պետք է կարողանա որոշակի ոչ ստանդարտ լուծումներ գտնել, որպեսզի օրենքը չխաթարի: Մենք ունենք նման դեպքեր, երբ որ ուսումնական հաստատություններին Կառավարության որոշմամբ տրվել են այլ կարգավիճակներ», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Խաչատրյանը:

Կրթության փորձագետը վստահ է՝ կրթահամալիրի ղեկավարի պաշտոնից Աշոտ Բլեյանի հեռացումը բացասաբար կազդի դպրոցի հետագա գործունեության վրա։ Նույն կարծիքն ունեն նաև կրթահամալիրի ուսուցիչները։ Կրթահամալիրում ասում են՝ իրենց պահանջն օրինական է, և դրա իրականացմամբ չի խախտվի որևէ օրենք։ Հակառակ դեպքում, եթե իրենց առաջարկը գործադիրը մերժի, ապա պատրաստ են հարցը դատարան տեղափոխել՝ հայց ներկայացնելով Կառավարության դեմ: