Վերջին 15 օրում Հալեպում 17 հայ է մահացել կորոնավիրուսի հետևանքով: Մահացածները հիմնականում միջին տարիքի են ու երիտասարդներ:
«Իրավիճակը ողբերգական է», - ասում է Հալեպի «Գանձասար» թերթի խմբագիր Զարմինե Պողիկյանը` շեշտելով նաև, որ պաշտոնական թվերը իրականությունից շատ հեռու են, քանի որ հետազոտվողները քիչ են:
Պաշտոնապես Սիրիայում այսօր վարակի 1764 նոր դեպք է գրանցվել, մահացել է 68 հոգի:
«Իրականությունը այս թվերին չի համապատասխանում, որովհետև մենք մեր առօրյայում տեսնում ենք մեծ թվով վարակված մարդիկ», - «Ազատությանն» ասաց Պողիկյանը:
Օրեր առաջ պսակաձև ժահրի` կորոնավիրուսի հետևանքով «Գանձասարի» 35-ամյա աշխատակցուհի է մահացել:
Սիրիան տևական շրջան COVID-19-ի առումով ամենաապահով երկրներից էր: Մայիսից սկսեցին թվերն աճել: Ըստ Զարմինե Պողիկյանի, պատճառը սիրիա-լիբանանյան սահմանով երկիր ապօրինի մուտք գործածներն են: Եվ այժմ վարակն այնքան է տարածվել, որ չեն բավարարում ո'չ դեղամիջոցները, ո'չ բժիշկները, ո'չ էլ թեստերի հնարավորություն կա:
Տասը տարի տևած պատերազմի հետևանքնով բժիշկները լքել են երկիրը, դեղ արտադրող ընկերությունները չեն աշխատում, հասարակ դեղորայքը դեֆիցիտ է: Երկիրը տնտեսական ճգնաժամի մեջ է և Արևմուտքի պատժամիջոցների ներքո: Պատերազմի ամենամեծ ավերները հենց Հալեպում էին, և կորոնայի հետևանքներն այստեղ ամենազգալին են:
Հալեպում մոտ 15 հազար հայ է այսօր ապրում: COVID-19-ը նաև Ղամիշլի, Լաթաքիա, Դամասկոս հայաշատ վայրերում է:
«Եռագույն» կայքէջի խմբագիր Նաիրի Մկրտիչյան. – «Ղամիշլիի մեջ, օրինակ, երկու հոգի արդեն հիվանդանոց են տեղափոխվել հայ համայնքից: Եվ շատ-շատերը տանն են բուժվում... Բոլոր շրջաններում չեն կարող ստույգ ասել` կորոնա է, թե կորոնա չէ: Որովհետև չկան թեստերը, չկան պետք եղած բժիշկները, չկան պետք եղած սարքավորումները: Հալեպի պարագան ավելի ծանր է»:
Մկրտիչյանը շեշտում է, որ բնակչությունը աղքատությունից ու անհուսությունից հյուծված է, դիմադրողականությունն ընկած և կորանվիրուսը ուղղակի աղետալի հետևանքներ է ունենում. – «Միջին աշխատավարձը հիմա դարձել է 30 դոլար, իսկ մեկ տուփ վիտամին C առնելու համար պետք է վճարել մեկ դոլար: Մեկ կիլո լիմոն առնելու համար պետք է վճարել մեկ դոլար… Մրգի, մսի մասին ժողովուրդը գրեթե մոռացել է»:
Հալեպի հայ համայնքը անելանելի վիճակում է և օգնություն է ակնկալում Հայաստանից: «Գանձասարի» խմբագիրն ասաց՝ մասնագետների ու դեղորայքի հարցերը քննարկել են տեղում աշխատող Հայաստանի մարդասիրական խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանի հետ:
Հայաստանի հումանիտար առաքելությունը՝ սակրավորներ ու ինը բժիշկներ, Հալեպում է նախորդ տարվանից։ Առաքելության ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը տեղեկացրեց, որ Հալեպում աշխատող ինը բժիշկների մեջ վարակաբաններ չկան, վիրաբույժ, նյարդաբան, մանկաբույժ-գինեկոլոգներ են. – «Չեն հարում կորոնավիրուսով հիվանդ շրջանակների հետ: Յուրաքանչյուր բժիշկ իր մասնագական ոլորտում է իրականացնում իր մասնագիտական պարտականությունները: Միևնույն ժամանակ, հնարավորության դեպքում փորձում ենք օգնել և օժանդակել հնարավորության չափով»:
Պաշտպանության նախարարության հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնից տեղեկացրին, որ բժիշկների նոր հերթափոխը Հալեպ կմեկնի հոկտեմբերին, և այժմ քննարկում են խմբում վարակաբաններ ներառելու հարցը։ Իսկ Հալեպում աշխատող մարդասիրական խմբի կազմում այս պահին վարակակիրներ չկան, ասաց Արկադի Տոնոյանը. – «Խումբը ամբողջությամբ ապահովված է պաշտպանիչ, ախտահանիչ նյութերով: Մշտական տեղակայման վայրում ամենօրյա ռեժիմով իրականացվում են դեղեր մենք ունենք, ախտահանում ենք ախտահանման աշխատանքներ: Անձնակազմը պահպանում է հակահամաճարակային բոլոր կանոնները»:
Սփյուռքի գլխավոր հանձանակատար Զարեհ Սինանյանը 4 օր առաջ լրագրողի հարցին պատասխան` արձագանքեց Հալեպում ստեղծված ճգնաժամային վիճակին. – «Հիմա մենք հավաքում են տեղեկություններ և մտածում ենք, թե ինչպես կարող ենք օգնենք»:
Այսօր հանձանակատարի գրասենյակից տեղեկացանք, որ շարունակում են տեղեկություններ հավաքել և փորձում են զանգել Սիրիայում Հայաստանի դեսպանին: