Այսօրվանից պաշտոնապես Իսրայելը բացեց իր երկինքը

Օդանավակայան Իսրայելում, արխիվ

Այսօրվանից պաշտոնապես Իսրայելը բացեց իր երկինքը ոչ միայն զբոսաշրջիկների, այլև սեփական քաղաքացիների համար: Երկիրը դեռ գտնվում է կարմիր գոտում. Իսրայելի ներսում կան քաղաքներ ու գյուղեր, որոնք անգամ փակ են ու կարանտինի մեջ են գտնվում, սակայն սա չխանգարեց կառավարությանը նման որոշում կայացնել:

Այս պահին միայն 3 երկիր է պատրաստ ընդունել Իսրայելի քաղաքացիներին՝ Բուլղարիան, Խորվաթիան և վաղվանից նաև Հունաստանը: Իսրայելը պատրաստ է ընդունել 15 երկրից քաղաքացիներ, որոնք ժամանելուն պես չպետք է 14 օր կարանտինում հայտնվեն: Ի դեպ, այս պետությունների շարքում են նաև Վրաստանն ու Մերձբալթյան 3 հանրապետությունները, ինչպես նաև Իտալիան և Գերմանիան:

Մինչդեռ միայն երեկ Իսրայելում գրանցվել է 760 նոր հիվանդ կատարված 9 հազար 246 թեստավորումների արդյունքում, իսկ օրը ոչ աշխատանքային էր, ուստի այսօր կատարվելիք շատ ավելի մեծաքանակ թեստերը «խոստանում» են նոր վարակակիրների թվի աճ: Ընդհանուր առմամբ ըստ Առողջապահության նախարարության` երկրում գրանցվել է 92 հազար 404 վարակակիր, 679-ը մահացել են, 23 հազար 325 պացիենտ կա երկրում, որոնցից 396-ը` ծայրահեղ ծանր:

Իսրայելի զբոսաշրջության և հյուրանոցային ոլորտը փրկելու համար, որի մեջ ընդգրկված է ավելի քան կես միլիոն մարդ, ինչպես նաև նրա համար, որ պետությունը մասնակի վերադարձնի այս ոլորտից ստացվող հսկայական եկամուտների մի մասը, այս թվերն անտեսվում են` գնալով նման քայլի: Առողջապահության նախարարությունը մի շարք կոշտ միջոցառումներ է ձեռնարկել արտասահման մեկնելու ցանկություն ունեցող իր քաղաքացիների նկատմամբ: Այսպես, տոմսեր գնելուց հետո քաղաքացին պարտավորվում է ընտանեկան բժշկին այն ներկայացնելուց հետո թեստ հանձնել ու այնպես պլանավորել ճամփորդությունը, որպեսզի կախված երկրի պահանջից` ստանա այդ թեստի պատասխանը ժամանակին: Իսրայելի քաղաքացին 72 ժամ առաջ ստացված բացասական ելքով թեստի պատասախան ունենալու դեպքում միայն կարող է մեկնել օդանավակայան: Բուլղարիա կամ Հունաստան մեկնող իսրայելցին պետք է թեստավորվի օդանավակայանում և 48 ժամ մնա կարանտինի մեջ:

«Ռիսկային» բնութագրված այս զբոսաշրջությունը տասնյակ հիմնախնդիրներ կարող է ծնել: Նախ` եթե Իսրայելից մեկնող ընտանիքը թեստ է հանձնել, ու այն բացասական է եղել, և երեխան, օրինակ, կրկնակի թեստավորումից հետո օտար պետության մեջ դրական պատասխան է ստացել, ապա ի՞նչ է անելու ընտանիքը, բացի այդ չափազանց բարդացել ու թանկացել են ճանապարհորդական ապահովագրական ծառայությունները: Միայն մինչև 60 տարեկան մարդկանց են ապահովագրում, և օրական մեկ զբոսաշրջիկի ապահովագրական ծախսերը կազմում են 10-15 դոլար, իսկ երեխաներինը 15 դոլար արդեն ամրագրված էր: Այս ապահովագրությունների մեջ չեն մտնում հյուրանոցի կամ թռիչքի չեղարկման ծախսերը:

Այժմ Իսրայելում աշնանային հրեական տոների հետ կապված խոսվում է կարանտինի պայմանների էլ ավելի խստացման մասին, ու իրավիճակը երկրում դեռևս մնում է անհասկանալի, օրեցօր ավելացող նոր որոշումների հետ կապված, յուրաքանչյուր օր չեն բացառվում տարբեր ոլորտներում նորանոր սահմանափակումները:

Ինչ վերաբերում է հայկական թաղամասին, Երուսաղեմին ու ընդհանրապես հայերին, ապա ուրբաթ օրը հավաք տեղի ունեցավ Երուսաղեմի միացյալ հանձնաժողովի կազմի մեջ մտնող տեղական կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Այս հանձնախմբի աշխատանքները կոորդինացնում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի դիվանապետ հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: «Ազատություն» ռադիոկայանին նա փոխանցեց, որ հանդիպման արդյունքում լիբանանահայերին օգնելու նպատակով հանգանակություններ են հավաքվում: Կոնկրետ պատասխանատուներ են նշանակվել, ու հեռախոսազանգերով գումարներ են հավաքագրվում պատրիարքարանի ցուցաբերվելիք օգնությունից զատ:

Ինչ վերաբերում է հնարավոր զբոսաշրջիկների այցելություններին ու ուխտագնացություններին, ապա վանքն ու համայնքը մարտի սկզբից են փակ, ու պատրիարքը հաստատակամ է այն դեռևս այցելությունների համար փակ պահելու հարցում. - «Մարտ ամսին կառավարության որոշումից դեռ օրեր առաջ Սրբազանի (Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի) որոշմամբ վանքը մտավ մեկուսացման: Դա իրենից ենթադրում է, որ վանք այլևս չէին կարող մտնել ուխտավորներ, զբոսաշրջիկներ, վանքում չբնակվող հայեր կամ առհասարակ որևէ այցելու»:

Սահմանների բացման ու թռիչքների վերագործարկման պարագայում համայնքում ոչինչ չի փոխվելու, վստահեցրեց դիվանապետը. - «Նույնն է այսօր` վանքի մեծ դարպասը փակ է, ընդամենը փոքր դարպասն է բաց, և ամբողջ ելումուտն այդ փոքր դռնով է իրականացվում: Այսօր կարող եմ ավելացնել, որ ինչ-որ չափով ավելի է խստացվել, Սրբազանի որոշմամբ դարձյալ յուրաքանչյուր ոք, որ մտնում է արդեն, նույնիսկ բնակիչ պետք է անպայման ջերմաչափվի: Նրանք, ովքեր ունեն այդ վտանգավոր ջերմությունը, ապա նրանց չի արտոնվում ներս մտնել:

Անպայման բոլոր ներս մտնողներն արտահանում են իրենք ձեռքերը ալկոգելով, և կարելի է ասել` շատ խիստ հրահանգ կա, որ այդ կանոնները պետք է պահվեն: Եվ կարծում եմ, որ այդ բոլոր որոշումների, նախաձեռնված քայլերի շնորհիվ է, որ այսօր համայնքում չունենք որևէ վարակված»:

Ինչ վերաբերում է կառավարության ընդունած տոների ու պատարագների կատարման սահմանափակումներին, ապա նա նշեց. - «Հարգում ենք այդ որոշումը, և արարողությունները շատ սահմանափակ թվով մասնակիցներով ենք անցկացնում, իսկ երեկոյան ժամերգություններն ընդհանրապես չենք անում, միայն առավոտյան ժամերգություններն ենք անում, դե իսկ շաբաթ-կիրակի պատարագներն էլ, ինչպես ասացի, ըստ որոշման և ըստ սահմանված մասնակիցների թվաքանակի»: