Վարշավան և Վաշինգտոնը ռազմական նոր պայմանագիր են կնքել

Ամերիկյան ստորաբաժանումը Լեհաստանում մասնակցում է զորախաղերին, Դրավսկո Պոմորսկե, 7 հուլիսի, 2020թ.

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այսօր Վարշավայում ստորագրել են ռազմական բնագավառում երկու երկրների համագործակցությունն ընդարձակելու պայմանագիր:

Այդ փաստաթղթի համաձայն, Լեհաստանի տարածքում տեղակայված ամերիկացի զինծառայողների թիվը կավելացվի և կհասնի առնվազն 5 հազար 500-ի:

Լեհաստանը դրա համար տարեկան կտրամադրի կես միլիարդ զլոտի, ինչը հավասար է մոտ 135 միլիոն դոլարի:

«Այս պայմանագիրն էապես խթանում է Լեհաստանի անվտանգությունը, ես կարծում եմ, այն լուրջ ազդեցություն կգործի լեհ-ամերիկյան համագործակցության բոլոր ոլորտների վրա», - ասել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան:

Պայմանագրով ամերիկացիները նաև պարտավորվում են ուսումնավարժական աջակցություն ցուցաբերել լեհերին:

Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակն ասել է, որ վտանգի դեպքում Լեհաստանում ամերիկացի զինծառայողների թիվը հնարավոր կլինի արագ հասցնել 20 հազարի: