Աշխարհում կորոնավիրուսի պաշտոնապես գրանցված դեպքերի ընդհանուր թվաքանակն այսօր ընդհուպ մոտեցավ 21 միլիոնի։ Դա են վկայում ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի կողմից հրապարակված վերջին տվյալները։
Covid-19-ով վարակվածների թվով առաջատարը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները։ Այստեղ վարակակիրների թիվը մոտենում է 5 միլիոն 200 հազարի, ավելի քան 160 հազար մարդ մահացել է։
Վարակակիրների և կորոնավիրուսից մահերի թվով երկրորդ տեղում շարունակում է մնալ Բրազիլիան։ Այստեղ ավելի քան երեք միլիոն վարակակիր կա, իսկ մահացության ցուցանիշը օրերս հատեց 100 հազարի շեմը։ Չնայած դրան, վերջին հարցումները վկայում են, որ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի վարկանիշը շարունակում է աճել։
Բրազիլացիների ավելի քան 37 տոկոսը դրական է գնահատել նրա քաղաքականությունը։ Համեմատության համար, հունիսին այդ ցուցանիշը չէր գերազանցում 32 տոկոսը։
Կորոնավիրուսից առավել տուժած պետությունների եռյակը եզրափակում է Հնդկաստանը։ Այստեղ վերջին մեկ օրում ավելի քան 65 հազար նոր վարակակիր է հայտնաբերվել։ Չնայած ոչ այնքան հուսադրող վիճակագրությանը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին լավատես է։ Նրա համոզմամբ՝ մոտ ապագայում Հնդկաստանը ի վիճակի կլինի հաղթահարել կորոնավիրուսի համաճարակը՝ նաև սեփական արտադրության պատվաստանյութերի շնորհիվ։
«Ոչ թե մեկ, երկու, այլ միանգամից երեք պատվաստանյութ է այժմ Հնդկաստանում գտնվում փորձարկումների շրջանում։ Երբ գիտնականները հավանություն տան, կմեկնարկի այդ պատվաստանյութերի զանգվածային արտադրությունը։ Մենք արդեն իսկ ճանապարհային քարտեզ ենք մշակել, որը հնարավորություն կտա պատվաստանյութը կարճ ժամանակահատվածում հասանելի դարձնել երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար», - Հնդկաստանի անկախության օրվա տոնակատարությունների ընթացքում հայտարարել է վարչապետ Նարենդրա Մոդին։
Նախորդ գիշեր Սպիտակ տանը կայացած ասուլիսի ժամանակ ամերիկյան արտադրության պատվաստանյութերի մասին խոսեց Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով՝ ամերիկյան կառավարությունն այժմ կազմում է բնակչության այն խմբերի ցանկը, որոնց համար պատվաստանյութը, պատրաստ լինելուն պես, պետք է հասանելի լինի։
«Առաջինը թերևս տարեցները լինեն, այն մարդիկ, որոնք առավել խոցելի են։ Այժմ մենք կազմում ենք այդ ցուցակները և դրանցում նախևառաջ ծերանոցներն ու թոշակառուների կենտրոններն են ընդգրկված», - նշել է Միացյալ Նահանգների նախագահը։
Կորոնավիրուսի դեմ պայքարը շարունակվում է նաև այն պետություններում, որտեղ գարնանը հաջողվել էր արագորեն զսպել համաճարակի տարածումը։ Հարավային Կորեայում, որը երկար ժամանակ Covid-19-ի դեմ պայքարի հարցում օրինակելի էր համարվում, այժմ նոր սահմանափակումներ են մտցվում։
«Ստեղծված կացությունը համաճարակի նոր ալիքի նախանշանների առկայության մասին է վկայում։ Եթե մենք չկարողանանք վերահսկել վարակի տարածումը, ապա կբախվենք շատ վտանգավոր կացության, երբ հիվանդանոցներում պացիենտների քանակը գնալով կաճի», - այսօր Սեուլում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հարավային Կորեայի առողջապահության նախարար Պարկ Նուն Հոն։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ վերջին մեկ օրում Հարավային Կորեայի տարածքում կորոնավիրուսի 166 նոր դեպք է արձանագրվել, որոնցից միայն 11-ն է ներմուծված արտասահմանից։ Վարակի ներքին տարածումը զսպելու նպատակով Հարավային Կորեայի կառավարությունը սոցիալական հեռավորության պահպանմանն ուղղված նոր սահմանափակումներ է ներմուծում։ Այսօրվանից փակ տարածքներում առավելագույնը հիսուն մարդ կարող է հավաքվել, բացօթյա հավաքների մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 100-ը։ Բացի այդ բոլոր մարզական միջոցառումները պետք է անցկացվեն առանց հանդիսատեսի։
Ավստրալիայի խոշորագույն նահանգներից մեկում՝ Վիկտորիայում և դրա մայրաքաղաքում, հինգ միլիոն բնակիչ ունեցող Մելբուրնում, կառավարությունը շարունակում է ուժի մեջ պահել մոտ երեք շաբաթ առաջ սահմանված կարանտինը։
Նահանգային առողջապահական ծառայության ղեկավարի Բրեթ Սաթոնի խոսքով՝ միայն կարանտինային կոշտ միջոցառումների շնորհիվ հնարավոր դարձավ խուսափել կորոնավիրուսի անկառավարելի տարածումից։
«Իհարկե, ընդհանուր թվերը որոշակիորեն կայունացել են։ Նոր վարակակիրների ցուցանիշը նվազման միտում ունի։ Շատ կարևոր է, որ մարդիկ հասկանան, որ այդ ամենին հնարավոր է եղել հասնել բացառապես վերջին շաբաթներին գործադրված քայլերի շնորհիվ», - հայտարարում էր պաշտոնյան։
Արևմտյան Եվրոպայում առավել մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել Ֆրանսիայում։ Այստեղ վերջին երեք օրերին շուրջ ութ հազար նոր վարակակիր է հայտնաբերվել, ինչը ստիպել է Մեծ Բրիտանիայի իշխանություններին Ֆրանսիայից ժամանող բոլոր անձանց համար 14-օրյա պարտադիր կարանտին սահմանել։ Այս որոշումն ուժի մեջ մտավ այս գիշերը և պատահական չէ, որ Ֆրանսիայում գտնվող հազարավոր բրիտանացիներ ուրբաթ երեկոյան ստիպված եղան ընդհատել արձակուրդը և շտապ վերադառնալ հայրենիք։
Որպես հետևանք երեկ երեկոյան Լա Մանշի տակով անցնող ավտոմոբիլային թունելում մեծ խցանում էր։ Մարդկային մեծ կուտակումներ էին նաև Փարիզի Հյուսիսային կայարանում, որը սպասարկում է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքները միմյանց կապող արագընթաց Eurostar գնացքները։
«Մենք պետք է վերադառնայինք երկուշաբթի օրը, սակայն երբ հայտնի դարձավ կառավարության այս որոշման մասին, խուճապահար նոր տոմս գնեցինք։ Մենք դրա համար 200 ֆունտ ստեռլինգ ենք վճարել», - նշում էր փարիզյան արձակուրդը ժամանակից շուտ ընդհատած բրիտանացիներից մեկը՝ Ռիկի Օթոնը։