«Նույնիսկ Դոմինիկյան Հանրապետությունը չսատարեց ԱՄՆ-ին»

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի առաջարկած բանաձևը չի ընդունվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Իրանի նկատմամբ գործող զենքի վաճառքի արգելքը երկարաձգելու բանաձևի օրինագիծը:

Գործող արգելքի ժամկետը սպառվելու է այս տարվա հոկտեմբերին: Այն երկարաձգելու առաջարկով հանդես է եկել Միացյալ Նահանգները:

Այդպիսով, Միացյալ Նահանգները ստացել է միակողմանի գործելու առիթ, ինչը կարող է վերջնականապես ոչնչացնել 2015 թվականին Իրանի և գերտերությունների կնքած միջուկային համաձայնությունը և ՄԱԿ-ում դիվանագիտական ճգնաժամ ստեղծել:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր ձախողվեց Իրանը պատասխանատվության ենթարկելու գործում, անտեսեց Մերձավոր Արևելքի երկրների հորդորները և Թեհրանին ընձեռեց մահաբեր զինատեսակներ գնելու ու վաճառելու հնարավորություն: Ամերիկան ամեն ինչ կանի այս սխալն ուղղելու համար», - քվեարկությունից հետո ասել է ԱՄՆ պետական քարտուղար Մայք Փոմփեոն:

Ենթադրվում էր՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամներ Ռուսաստանը և Չինաստանը վետո կդնեն օրինագծի վրա, սակայն դա չի պահանջվել:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներից երկուսը կողմ են քվեարկել, երկուսը՝ դեմ, իսկ 11 երկիր ձեռնպահ են մնացել, այդպիսով, բանաձևի օրինագիծը պարզապես չի ընդունվել:

Թեհրանը հեգնանքով հայտարարել է, որ «ԱՄՆ-ին իր մեկ քվեով նույնիսկ Դոմինիկյան Հանրապետությունը չի սատարել», իսկ Չինաստանը հայտարարել է, թե «քվեարկության արդյունքը վկայում է, որ միակողմանի գործելու և այլոց ահաբեկելու գործելակերպն աշխարհում այլևս աջակցություն չի վայելում»: