Թուրքիան սպառնում է խզել հարաբերությունները ԱՄԷ-ի հետ կամ ետ կանչել իր դեսպանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արխիվ

Թուրքիան սպառնում է խզել հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ կամ ետ կանչել Աբու Դաբիից իր դեսպանին՝ Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու որոշմանն ի պատասխան։

«Մենք դիտարկում ենք այժմ այդ հնարավորությունը», - ասել է նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ ուրբաթօրյա աղոթքից հետո։

Ավելի վաղ Էմիրությունների այդ քայլը դատապարտել էր նաև Պաղեստինի ինքնավարությունը՝ ետ կանչելով իր դեսպանին։ Արևմուտքը, մինչդեռ ողջունում է Վաշինգտոնի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությունը, որով Էմիրությունները դառնում է Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատող երրորդ երկիրն արաբական աշխարհում՝ Եգիպտոսից ու Հորդանանից հետո։