Իսրայելը և Արաբական Միացյալ Էմիրությունները հարաբերությունների բարելավման մասին պայմանավորվածություն են ձեռք բերել։ Քիչ առաջ հրապարակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն Մոհամեդ Ալ Նահյանի համատեղ հայտարարությունը, որում նշված է, - «Պատմական այս շրջադարձը կնպաստի Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը»։
Էմիրությունների հետ հարաբերությունների բարելավման դիմաց Իսրայելը պարտավորվում է հրաժարվել Հորդանան գետի արևմտյան ափի մի զգալի մասի բռնակցման ծրագրերից։ Նախապես ենթադրվում էր, որ Պաղեստինի տարածքի զգալի մասը միակողմանիորեն Իսրայելին է կցվելու արդեն 2020 թվականի ընթացքում։
Մինչ օրս Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ չունի Պարսից ծոցի արաբական միապետությունների հետ։
«Սա պատմական օր է», - մեկնաբանելով պայմանավորվածությունների ձեռք բերման փաստը, Twitter-ում գրել է Իսրայելի վարչապետը:
Աբու Դաբիի թագաժառանգի խոսքով՝ առաջիկայում կողմերը ճանապարհային քարտեզ կմշակեն, որը «կհանգեցնի երկկողմ հարաբերությունների հաստատմանը»։