84 քառակուսի մետր հողակտորը կռվախնձոր է դարձել ազգականների միջև

Լոռու մարզի Շնող գյուղում երկու հարևանների միջև 84 քառակուսի մետր տարածքի վեճն արդեն 5 տարի չի հանգուցալուծվում։

Հայցվոր Սամվել Ամիրջանյանը մատնացույց է անում իր տնից մի քանի մետր հեռավորությամբ ապրող ազգակցին ու պնդում՝ անտառտնտեսություններում 20 տարի բարձր պաշտոններ զբաղեցրած Հարություն Ամիրջանյանի դեմ օրենքն անզոր է. – «Քոչարյանը ոնց էր ասում` հանրապետության տղամարդը ես եմ, ինքն էլ մեր գեղի տղամարդն ա իրան զգում: Ինչ ուզե կանի և անպատիժ ա մնում»:

Առաջին ատյանի դատարանն արդեն երկու անգամ բավարարել է Սամվել Ամիրջանյանի տարածքի մասին պահանջները, որով պաշտոնյա հարևանը պարտավորվել է քանդել իր ապօրինի կառուցած ավտոտնակն ու պարիսպը։ Բայց վերաքննիչ ատյանը սխալ է համարել դատարանի որոշումը, բեկանել և նոր քննության ուղարկել։

Առաջին ատյանի դատարանը մեկ ամսից արդեն երրորդ որոշումը կկայացնի այս վեճի շուրջ:

Սամվել Ամիրջանյան. – «Ես Կիրովականի դատերը շահում եմ, առաջին ատյանի դատարանը` և' քրեականը, և' քաղաքացիականը, գնում Էրևան, հեչ ա ըլում...»

Տարածքում, որն այժմ Շնողն ու հարակից համայնքներն ընդգրկող «Լալվար» անտառտնտեսության տնօրեն Հարություն Ամիրջանյանի սեփականությունն է, տարիներ առաջ անասնագոմ է եղել։ Դատական պահանջով դռնեդուռ ընկած Սամվել Ամիրջանյանը ցույց է տալիս դեռ 1937 թվականին իր պապի ու նրա երկու եղբայրների ձեռագիր արձանագրությունը՝ Շնողի գյուղխորհրդի կլոր կնիքով հաստատված. – «Ամիրջանյանների վիճելի տեղի համար մենք ինքներս տեղը չափեցինք և բաժանեցինք երեք մասի...»

Լոռվա բարբառով կազմված արձանագրությունը հայերենից հայերեն թարգմանել ու կցել են դատական գործին՝ որպես ապացույց, թե վիճելի տարածքը տասնամյակներ շարունակ իրենցն է եղել։ Բայց ժառանգությունը հաստատող փաստաթղթեր չկան, տարածքում ավտոտնակ կառուցած հարևանն էլ վկայաբերում է, թե տեղանքն ընդամենն աղբանոց էր դարձել, մաքրել ու օգտագործելի տեսքի է բերել։

Հարություն Ամիրջանյան. – «Եթե ես հենց հիմա իրան էլ տամ, ասեմ վառոտները բացում եմ, արի վերցրու, չի էլ գա: Սա նրան հետաքրքիր էլ չի: Սա ընդամենը պատճառ ա իմ վրա բողոքելու»:

Այս գործով իրավապահները դեռ երկու տարի առաջ մեղադրանք են առաջադրել Շնողի նախկին գյուղապետ Հովիկ Սահակյանին, ապացուցված համարել, որ տարածքը պետական գրանցում չի ունեցել։ Ավելին, համարվել է ճանապարհ, որտեղ կառուցապատումն արգելված է եղել։

Ըստ քրեական գործի, նախկին գյուղապետն անձնական շահագրգռվածությունից ելնելով կազմել, իր ստորագրությամբ հաստատել, համայնքապետարանի կնիքով վավերացրել է պաշտոնական փաստաթղթեր, որոնցում ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություններ: Նախ տարածքը դարձրել է համայնքային սեփականություն և հետո առուվաճառքի պայմանագրով օտարել այն իր մերձավոր Հարություն Ամիրջանյանին։ Նախկին գյուղապետը դատարանում ընդունել է իր մեղքը և համաներմամբ ազատվել պատժից։ Դատարանն առանց արդարացման որոշել է կարճել գործն ու դադարեցնել նախկին գյուղապետ Հովիկ Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդումը։

5 տարի առաջ Լալվար անտառտնտեսության տնօրենին կեղծ փաստաթղթերով հողատարածք տրամադրած նախկին գյուղապետն այժմ Հայաստանի անտառտնտեսության տնօրենի խորհրդականն է։ Իր տնից ընդամենը մի ոտնաչափ հեռու ավտոտնակ կառուցած Հարություն Ամիրջանյանը, ով օգտվել է գյուղապետի անօրինական որոշումից, ասում է. – «Էդ էրկու մետր տեղը, որ ընդլայնում են տվել ու իմ վրա վաճառել, դա համայնքապետի, համայնքապետարանի խնդիրն ա: Ես ի՞նչ մեղք ունեմ: Եթե անօրինական ա ինչ-որ, եթե թղթաբանություն թերություն կա, դա իմ խնդիրը չի»:

Նա ցույց է տալիս, որ տարածքը չէր կարող ճանապարհ համարվել, քանի որ անդունդի ծայրին է գտնվում։ Հարություն Ամիրջանյանը մատնացույց է անում գործող համայնքապետ Դավիթ Ղումաշյանին, թե այս ամենը նրա ձեռքի գործն է, - «Շնողի գյուղապետը դիտավորյալ, ինձ հեղինակազրկելու համար... երբ որ բազմաթիվ քրեական գործ կա իրա վրա։ Էս հեղափոխությունը երևի թե բոլոր տեղերը ազդեց, բացի Շնողի գյուղապետի վրա»:

Դատական վեճերում գտնվող անտառտնտեսության տնօրենը պնդում է, թե «անտառագող համայնքապետը» փորձում է իր անվան հետ խաղալ, քանի որ գողոն է բռնել նրա ձեռքին, տուգանել ու այդ օրվանից իրենց ջրերը մի առվով չեն գնում. – «Փայտագողությունն ինքն էր կազմակերպում: Անտառը վառում էին, ինքն էր կազմակերպում: Ես կասկածում եմ, որ անձամբ ինքն ա արել, քանի որ գիշերով տեհել եմ ես իրան անտառում: Գրավոր դիմել ենք, բացատրություններ ենք տվել, բերել ենք ցույց ենք տվել... Բայց մնացել ա անպատիժ»:

Համայնքապետ Դավիթ Ղումաշյանը ծիծաղով է արձագանքում անտառագողության մասին մեղադրանքներին. – «Իմ ծիծաղը ուղղակի գալիս ա: Իմ վրա 13 անգամ գործ են հարուցել, 13 անգամ կարճել»:

Անցած տարի անտառից թափուկ վառելիքի փոխարեն շինափայտ դուրս բերելու համար Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 50 հազար դրամով տուգանել է Շնողի համայնքապետին, բայց վերջինս որոշումը բողոքարկել է դատարանում։ Դատարանը բավարարել է հայցը։ Մինչդեռ դատախազությունը Լալվարի անտառտնտեսությունում խոշոր չափերով ապօրինի ծառահատման փաստով քրեական գործ է քննում։ Քրեական գործը հարուցվել է մի խումբ անձանց նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ապօրինի ծառահատման փաստերով։ Անտառի գործը գուցե դեռ բացահայտվի, բայց անտառը ղեկավարող պաշտոնյայի հարևան Սամվել Ամիրջանյանը հաստատակամ է՝ իր պապերից ժառանգած հողակտորի հարցով դեռ պայքարելու է։