Սարի թաղում շուրջ մեկ տասնյակ տներ փլուզման եզրին են

Մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի մեջ մտնող Սարի թաղի 20-րդ փողոցում որոշ տներ փլուզման եզրին են ընդերքի հոսող ջրերի պատճառով:

Դրանց բնակիչները «Ազատության» հետ զրույցներում բարձրաձայնեցին իրենց բողոքը, ցույց տվեցին խոնավությունից փլուզվող իրենց տներ: Նրանք ասում են, որ մեն-մենակ են մնացել իրենց խնդրի հետ:

Սակայն Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը «Ազատությանն» ասաց, որ բնակիչներին մենակ չեն թողնի, իրենք աշխատում են այդ ուղղությամբ:

Նրա խոսքով, Սարի թաղում 10-ից ավելի այդպիսի տուն կա: Աբրահամյանը հույս հայտնեց, որ անձրև մարդկանց դրսում չի թողնի, կփորձեն մինչ այդ լուծում գտնել. – «Ընդհանրապես մենակ չենք թողել: Քաղաքապետի կողմից հանձնարարական է եղել, ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրել է խնդիրը: Այս պահի դրությամբ աշխատանքայի խումբն իր ուսումնասիրությունները համարեց, որ բավարար չէ, և ավելի խորքային ուսումնասիրության կարիք կա: Եվ դիմել է կառավարությանը, որ կառավարությունը ստեղծի նոր աշխատանքային խումբ: Իմ տեղեկատվությամբ, արդեն իսկ ստեղծվել է այդ խումբը, որը պիտի ուսումնասիրի խնդիրը: Ցավոք սրտի, օր-օրի տները շատանում են: Բնակիչների պահանջն էլ ամբողջովին տեղին է, ես լրիվ հասկանում եմ: Դրա համար ես մի գործընթաց եմ առաջարկել բնակիչներին. որ իրենց տների վթարայնությունը բերեն,փաստաթղթերը, սեփականության վկայականները, Երևանի քաղաքապետարանն էլ դիմի կառավարություն` մարդկանց փոխհատուցման, կամ մնացած գործընթացը իրականացվի: Ցավոք սրտի, ընդերքային ջրերի հոսքը որ կառավարելի լիներ, այդ խնդիրն էլ չէր լինի»:

Սարի թաղում սողանքային երևույթների հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման, վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրներն ու համապատասխան հաշվետվությունը ներկայացվել է Արտակարգ իրավիճակների նախարարություն: