«Այդ ամեն ինչը սկսվում է գիշերը, այսինքն` արդեն լռության ժամ, դու ակնկալում ես, որ պետք է ամեն ինչ լռի, բայց գալիս են գիշերվա 12-ից, 1-ից հետո բարձր երաժշտությամբ մեքենաներով, մեկ էլ այդ անվադողերով սկսում են իրենց ճռռիկներն անել: Այդ ամեն ինչը խառնվում է իրար, ու նենց չի, որ մի մեքենա եկավ ու անցավ, իրենից հետո գալիս է իր ընկերը, կամ իրենք մի 4 հոգով որոշում են, որ իրենք պետք է երթևեկության կրկեսային հնարքներ են ու այդպես անցնում, գնում են, հետո գալիս է մյուս խումբը ու էլի տենց անում է»:
Այս պատկերը գրեթե ամեն գիշեր կրկնվում է Երևանի Փարպեցի փողոցում, պատմում է այնտեղ բնակվող Տիգրան Հովհաննիսյանը: Ասում է՝ անգամ պատուհանները փակելու դեպքում մեքենաների ձայները թույլ չեն տալիս բնակիչներին հանգստանալ. - «Մինչև ժամը ասենք 3-3:30 այդ ամեն ինչը շարունակվել է»:
Կենտրոնի այս և հարակից փողոցներում, սակայն, սրանով ամեն ինչ չի ավարտվում։ Գիշերները մարդիկ պարբերաբար վեր են թռչում նաև հրավառություններից. - «Հրավառությունից հետո փողոցը դառնում է մի հատ ծննդատուն, սաղ երեխաները վեր են կենում, սաղ սկսում են լացել, լացուկոցի ձայն, սառ ներվային, երեխաները զարթնեցին, տարեցները ջղայնացան, զարթնեցին, ճնշման խնդիրներ և այլն, այսինքն` կա այդ խնդիրը»:
Գիշերային ժամերին չդադարող հրավառություններից Աննա Մանուկյանի 2 տարեկան դուստրը վախով քնում, վախով էլ արթնանում է. - «Երեխան վեր է թռնում այդ ուժգին ձայնից, քանի որ ինքը կարծես անմիջապես պատուհանի տակ լինի, կողքի բակում, դիմացի բակում, հենց մեր բակում, ու շատ ուժգին ձայն է, քանի որ կան տարբեր տիպի հրավառություններ, կան թույլ ձայներով և կան շատ ուժգին, ու այդ ուժգինները շատացել են, ու երեխայի մեջ վախ է մտնում, ինքը դրանից հետո լացելով է քնում, լացելով է արթնանում, ինքը հետո պատուհանի կողմ մատով ցույց է տալիս, մամային է կպչում, էտ ի՞նչ էր, ասում է: Մենք փորձում ենք իրեն ցույց տալ, որ հրավառություն էր, լույս էր, բայց ամեն անգամ չես հասցնում ցույց տալ, թե ինչի հետևանք է այդ պայթյունը, ու երեխայի մոտ արդեն հոգեբանական խնդիրներ ու վախեր են առաջացել, ու մենակ ես չեմ դա փաստում: Բազմաթիվ ծնողներ ասում են, որ երեխաները քնի մեջ վեր են թռչում այդ ձայներից ու լացում են, արդեն խնդիրներ են առաջանում, վախեր»:
Նկատում է՝ վերահսկողությունը թույլ է, առաջարկում է որոշակի սահմանափակումներ մտցնել. - «Օրինակ` միայն տոնական օրերին թույլատրվի: Եթե ես ծնող եմ, իմանամ, որ այսօր Նոր տարի է, դրսում բոլորը հրավառություն են անելու, ինչ-որ ձև ես էլ հոգեբանորեն պատրաստ կլինեմ, իմ երեխային էլ կփորձեմ ամեն ձև սահմանափակել ձայնից, քնեցնել մի քիչ այլ տիպի վայրում, որտեղ հնարավորինս քիչ է լսվում` հասկանալով, ընդունելով, որ այսօր տոն է: Պետք է ինչ-որ ձև այդպես վերահսկվի, կամ լիցենզավորված մարդկանց վաճառվի, կամ որոշակի դեցիբելից բարձր հրավառություններն ընդհանրապես արգելվեն քաղաքում, բնակելի վայրերում»:
Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը հարցը կարգավորելու համար պատրաստվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, ուսումնասիրել է այլ երկրների փորձը. - «Կարծում եմ` լուծումը միայն այստեղ պետության տալ մենաշնորհ ներկրման, հրավառ նյութերի ներկրման և պետությանը տալ մենաշնորհ լիցենզիա տալու ամեն համայնքում մեկ կազմակերպության: Համայնքում երբ սահմանված ժամերից դուրս կամ սահմանված տարածքներից դուրս իրականացվի հրավառություն, մենք հստակ իմանանք` ում ենք պատասխանատվության ենթարկելու, և ով է պատասխանատուն, որովհետև այս իրավիճակում որքան էլ իդեալական գործի ոստիկանությունը, մենք չենք կարող գտնել շատ հաճախ ուղղակի անհատների, որոնք իրենց պատուհանից հրավառ նյութեր են պայթեցնում»:
Պատգամավորն առաջարկում է նաև որոշ տարածքների, օրինակ, հիվանդանոցների մոտ ընդհանրապես արգելել հրավառությունները. - «Տարբեր երկրներում նաև առկա են որոշակի հստակ հաստատություններ, որի բավականին մեծ շառավիղով ընդհանրապես արգելված է հրավառություններ իրականացնելը: Երբ ես հիվանդանոցում էի մի քանի շաբաթ առաջ կորոնավիրուսի հետ կապված, ես հստակ հասկացա, թե ինչ սարսափելի բան է, երբ հիվանդանոցների տարածքներում են իրականացնում հրավառությունները, այսինքն` երբ մարդ ցավերի մեջ է, երբ մարդ սարսափելի իրավիճակում է, այդ հրավառությունը մի տասնապատիկ կամ հարյուրապատիկ ավելի ազդեցություն է ունենում իր հոգեվիճակի վրա»:
Գիշերային կարգազանցներին է անդրադարձել նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Երեկ համապատասխան գերատեսչություններին հանձնարարել է պատասխանատվության ենթարկել այն անձանց, որոնք գիշերային ժամերին խանգարում են քաղաքացիների անդորրը: Մասնավորապես, պատժել գիշերային ժամերին հրավառություններ իրականացնողներին, ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտողներին, ինչպես նաև հանձնարարվել է անօրինական վերասարքավորված տրանսպորտային միջոցները հայտնաբերել և դրանց շահագործումը դադարեցնել։