500 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացողներն արդեն այս ամսվանից փաստացի ավելի քիչ գումար են ստացել, քանի որ հուլիսից ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի անցումային դրույթը, որի համաձայն կենսաթոշակային ֆոնդերին կատարվող ամենամյա վճարների հաշվարկման նոր առավելագույն շեմ է գործում։
Նախկինում գործող 25 հազարի փոխարեն այժմ կենսաթոշակային վճարվող սոցիալական վճարի առավեագույն շեմն է դարձել 77 հազար դրամը, այսինքն` եթե նախկինում աշխատողից վերցվող գումարը չէր կարող գերազանցել 25 հազար դրամը, ապա այժմ, կախված աշխատավարձից, այն կարող է հասնել ամսական ավելի քան 150 դոլարի։
«Դեմ եմ» շարժման անդամ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետ Լևոն Հարությունյանն ասում է՝ այժմ ուժի մեջ են մտնում այն փոփոխությունները, որ ծրագրվել էին դեռ հեռավոր 2014 -ին, երբ իրենք դուրս եկան պայքարի. - «Միջին Այ-Թի ոլորտում աշխատողը 50-70 հազար գումար էս ամիս ավելի քիչ ստացել ա: Ինչպես միշտ, ամենամեծ հարվածը ուտում ա ազնիվ հարկատուն»:
Ուժի մեջ մտած օրենքի կետը փաստորեն որևէ բան չի փոխում մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողների կյանքում։ Մեկից ավելի միլիոն ստացողների կյանքում՝ նույնպես։ Ազդեցությունը սկսվում է 500 հազարից հետո, իսկ ամենից շատ ուժի մեջ մտած այս դրույթների բեռը կրում են նրանք, ում աշխատավարձը 1 միլիոն դրամի շրջակայքում է։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրանի համար անհասկանալի է, թե ինչու է միջին խավը հայտնվել անարդար այս վիճակում, մանավանդ որ պետության կողմից կատարվող վճարումների չափը չի փոխվում. - «Մինչև 500 հազար դրամ ստացողը նույնքան ա վճարելու` 12 ու կես կվճարի ինքը, 37 ու կես` պետությունը: 600 հազար դրամ ստացողը 10 հազար դրամ ավել կվճարի, 700 հազար դրամ ստացողը ավել կվճարի արդեն 20 հազար դրամ, 800 հազար դրամ ստացողը արդեն 30 հազար դրամ ավել կվճարի, հետո 40 հազար դրամ ավելի կվճարի: 1 միլիոն դրամ ստացողը արդեն կվճարի 50 հազար դրամ ավել, 1 միլիոն 100 հազարը` նույն էլի էդ 50 հազար ավելը: Այսինքն` 1 միլիոն 20 հազար դրամից ավել ստացող ցանկացած մարդ առավելագույն չափը մուծում ա, հենց իրա նախկին վճարածի համեմատ 50 հազար ավել: Ավելի վատթարացնող ա: Ինչո՞ւ: Որովհետև էդ լրացուցիչ գումարը, որ իրենք վճարում են, դրա դիմաց պետությունը էլ հավելյալ գումար, մասնակցություն չի ունենում: Հետևաբար 500 հազար դրամից ավելի ստացող մարդիկ ապամոտիվացված են էդ վճարումները կատարել: Եթե պետությունը շարունակեր դրանք կրկնապատկել կամ հավելյալ գումար վճարել, լրացուցիչ մոտիվացիա է դա»:
Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Եղիշե Սողոմոնյանը և Վահե Հովհաննիսյանը մի քանի ամիս առաջ ներկայացրել էին օրենքի նախագիծ՝ առաջարկելով ուժի մեջ մտած կետը չեղյալ համարել և կես միլիոն դրամից ավելի ստացողների համար կուտակային վճարների փաստացի բարձրացում չկատարել։
Կառավարությունը սակայն դեմ է պատգամավորների առաջարկած փոփոխություններին, արդյունքում նախագիծը օրակարգ էլ չի մտել, այն հետաձված է, իսկ փոփոխություններն արդեն գործում են։
Այնուամենայնիվ, Սողոմոնյանն ասում է՝ նախագիծը շրջանառությունից չեն հանել. – «Չնայած այն հանգամանքը, որ Կառավարության կողմից բացասական կարծիք կա, բայց ես չհանեցի շրջանառությունից` հաշվի առնելով, որ երբ օրենքը ուժի մեջ մտնի, հնարավոր ա, որ Կառավարությունն էլ հասկանա, որ դա սոցիալական առումով որոշակի խնդիրներ ա ստեղծում երկրում... կոմպրոմիսային ինչ-որ լուծում գտնենք»:
Արկադի խաչատրյանը կարծում է, որ հնարավոր են լուծումներ, գոնե՝ հուլիսից ավելացած վճարի չափը կամավոր դարձել: Նրա համոզմամբ, Հայաստանին լիովին նոր Հարկային օրենսգիրք է անհրաժեշտ՝ համակարգված այլ ոչ թե հատվածական փոփոխություններով. – «Մարդկանց եկամուտներին վերաբերող հարցերը պետք է քննարկել համալիր, մեկ ռազմավարական մոտեցումով` հաշվի առնելով թե' համահարթ եկամտային հարկը, թե' կուտակային վճարների հարցը, թե' բժշկական ապահովագրության հեռանկարում անհրաժեշտ քայլերը, որ պիտի անի Կառավարությունը և քննարկման առարկա դառնա: Եվ նաև ապա անշարժ գույքի հարկման համակարգի, նաև համընդհանուր եկամուտների հայտարարագրման և դրանով պայմանավորված հարկային որոշ փոփոխությունները, որը Կառավարությունը պատրաստվում է անել առաջիկայում»:
Լևոն Հարությունյանը ցավում է, որ կուտակային կենսաթոշակների այս համակարգում սկզբունքորեն ոչինչ չի փոխվել, «Դեմ եմ»- ի նոր ալիք սակայն դեռ չկա. – «Ալիքը չի բարձրանում, որովհետև արտակարգ դրություն ա: Իսկ մենք օրինապահ մարդիկ ենք ու փորձում ենք հետևենք էս ամեն ինչին: Ես չգիտեմ ալիք կբարձրանա, թե չէ, բայց մենակ էն, որ մարդիկ միանգամից.... էդ վատ համակարգը դառավ լավը, չեմ ուզում նշեմ անուններ, դա բերեց շատ մեծ հիասթափության որոշ շրջանակներում, որոնք ուղղակի հոգնեցին»: