Վարչապետ. Սևրի պայմանագիրն առ այսօր պաշտոնական Երևանի ուշադրության կենտրոնում է

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Սևրի պայմանագիրն առ այսօր պաշտոնական Երևանի ուշադրության կենտրոնում է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային փաստաթղթի ստորագրման 100-ամյակին նվիրված այսօր Երևանում անցկացված գիտաժողովի մասնակիցներին ուղերձ է հղել ու նշել, որ այն պատմական փաստ է ու կարևոր է հայ ժողովրդի համար։

Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ Հայաստանը պայմանագրում նախանշված սահմաններում ճանաչվում էր որպես միջազգային հարաբերությունների լիիրավ անդամ և միջազգային իրավունքի իրավահավասար սուբյեկտ. «Չնայած Սևրի պայմանագիրն այդպես էլ կյանքի չկոչվեց, այն շարունակում է գոյություն ունենալ որպես պատմական փաստ, որն արտացոլում է անկախ պետականության վերականգնման համար անցած մեր ուղին: Մեր պարտքն է հիշել այն, գիտակցել և պահպանել նրա խորհուրդը»:

Վարչապետն ուղերձում ասել է, որ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած երկրների և Օսմանյան կայսրության միջև 1920 թվականին կնքված Սևրի պայմանագիրը միջազգային այն փաստաթուղթն է, որը ճանաչեց և ամրագրեց Հայաստանի անկախությունը: Հայաստանի Հանրապետությունը հանդես էր գալիս որպես այդ փաստաթղթի իրավահավասար կողմ. «Սևրի պայմանագիրն իր 89-րդ հոդվածով փաստում և ամրագրում էր հայ ժողովրդի պատմական անվիճելի առնչությունը Հայկական լեռնաշխարհի հետ, որտեղ հազարամյակներ ի վեր ծնվել, ապրել և պետականություն ու մշակույթ էր կերտել հայ ժողովուրդը»:

Սևրի պայմանագրի հենց 89-րդ հոդվածով Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանատումը թողնվել էր ԱՄՆ-ի որոշմանը։ Ավելի ուշ ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը որոշել էր՝ Հայաստանը պետք է ստանար Վանի և Բիթլիսի վիլայեթների ավելի քան կեսը, Էրզրումի վիլայեթի հիմնական մասը, Տրապիզոնի վիլայեթի արևելյան հատվածը, ներկայիս Հայաստանից 3 անգամ մեծ տարածք, իսկ որոշումն ուղարկել էր եվրոպական տերություններին։ Հայաստանին ապահովում էր նաև ելք դեպի Սև ծով:

Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ վարչապետ Փաշինյանն այս ուղերձով հաստատում է, որ Սևրի պայմանագիրը պատմական փաստ լինելուց զատ, կարևոր նշանակություն ունի Հայաստանի ու հայ ժողովրդի համար։ Նա վարչապետի ուղերձը դիտարկում է վերջերս ընդունված ազգային անվտանգության ռազմավարության համատեքստում. - «Նույն մոտեցումն է, որը դրված է նաև այս ուղերձի հիմքում, այսինքն` հայոց պետականությունը, որ առաջացել է Հայկական բարձրավանդակում հազարամյակներ առաջ և գոյատևում է մինչև այսօր և կգոյատևի ապագայում, բայց կգոյատևի ոչ թե այս ձևով` աղճատված ձևով, այլ կհասնի իր վերջնական նպատակին, այսինքն` ողջ տարածքի վրա Հայկական բարձրավանդակի կվերակերտվի, կվերաստեղծվի հայկական պետականությունը»:

Թուրքագետը նկատում է՝ անկախ Հայաստանի պատմության մեջ, ըստ էության, առաջին անգամն է, որ երկրի ղեկավարը հրապարակայնորեն անդրադառնում է ուղիղ 1 դար առաջ կնքված կարևորագույն պայմանագրին. - «Որպես արտաքին քաղաքականության գործոն դրա վրա հիմնվելը իմաստ չունի ներկա փուլում։ Ներկա փուլում դեռ վաղ է, բայց շատ կարևոր է, որ մենք այս փաստաթուղթն ընդունենք ի գիտություն և ոչ միայն ընդունենք ի գիտություն, այլև խորն ավելի ուսումնասիրենք, վերլուծենք, հասկանանք այն աշխարհաքաղաքական զարգացումները, որոնք կարող են տանել այս փաստաթղթի վերակենդանացմանը»:

Ռուբեն Սաֆրաստյանը կարևորում է նաև նախագահ Արմեն Սարգսյանի կողմից այդ հարցի բարձրացումը։ Սարգսյանը սիրիական «Ալ-Ազմենահ» թերթին տված հարցազրույցում հաստատել է, որ Սևրի պայմանագիրն օրինական, միջպետական, նաև փաստացի գործող փաստաթուղթ է։ Նախագահը ընդգծել է, որ Հայաստանի մասով որոշումները միջազգային քաղաքական իրադրության փոփոխության պատճառով չեն իրականացվել, սակայն այն նաև երբևէ չեղյալ չի հայտարարվել. - «Սևրի հաշտության պայմանագրով Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես ազատ ու անկախ պետություն։ Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում (վիլայեթներ) երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել ԱՄՆ որոշմանը (նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին, որի 100-ամյակը նույնպես լրանում է առաջիկա նոյեմբերի 22-ին), և ընդունել ինչպես նրա որոշումն անմիջապես, նույնպես և բոլոր առաջարկները՝ Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ»։

Ուղիղ մեկ դար առաջ պայմանագիրը կնքվել էր Փարիզի Սևր արվարձանում՝ Թուրքիայի և Անտանտի՝ Առաջին համաշխարհային պատերազմը հաղթած պետությունների միջև։ Պայմանագրում հայկական պետությանը վերաբերող 6 հոդված կա։ Սուլթանական Թուրքիայի ստորագրած պայմանագիրը, սակայն, ավելի ուշ իշխանության եկած քեմալականները չճանաչեցին։