Բեյրութի նավահանգստի հարևանությամբ գտնվող թաղամասերից մեկում «Ազատության» թղթակիցը զրուցել է թե' հայ, թե' արաբ բնակիչների հետ: Այստեղ չկա ջրամատակարարում, էներգամատակարարում: Թաղամասը շարունակում է աղետի գոտի մնալ, մարդ ապրում են բառացիորեն ավերված տներում:
Ամբողջ շրջանը կորած է ավերակների մեջ, ամենուր կամավորներ են, որ փորձում են մաքրություն անել: Վեց օր առաջ նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից տուժած այս թաղամասը բանակի` այս պահին Լիբանանում ամենամեծ վստահություն վայելող կառույցի խիստ հսկողության տակ է:
Բեյրութի ավերված թաղամասերը առայժմ շոշափելի աջակցություն չեն ստացել, և այդտեղ ապրող մարդիկ շարունակում են մնալ անլուսամուտ, անդուռ բնակարաններում: Կառավարությունն առայժմ գնահատում է վնասի չափերը:
Իսկ հայկական ընտանիքներին աջակցելու, նրանց կարիքները գնահատելու համար Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի կարգադրությամբ ստեղծվել է Լիբանանի վերականգնման մարմին, որը ղեկավարում է Լիբանանի հայոց թեմի առաջնորդը: Այդ մարմնի կազմում են տեղի երեք կուսակցությունների ու երեք բարեսիրական կազմակերպությունների ներկայացուցիչները:
«Մարմինը մեր ժողովրդի անմիջական կարիքները դարմանելու համար է», - «Ազատությանն» ասաց նորաստեղծ մարմնի ներկայացուցիչը: - «Ամերիկայում, Կանադայում, Ավստրալիայում, միջինարևելյան տարբեր երկրներում, եվրոպական տարբեր երկրներում թե' իբրև եկեղեցի, թե' իբրև համայնքային կազմակերպություններ արդեն իսկ աշխատանքի լծված են, հանգանակություններ են անում լիբանանահայության համար: Վեհափառ հայրապետի ցուցումով, այդ մարդկանց տները վերականգնելու հարցն առաջնահերթություն է մեզ համար»:
Ռեպորտաժն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.