Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 7 հազարից պակաս է` 6 հազար 793 մարդ: Վերջին անգամ կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը Հայաստանում 7 հազարից քիչ էր եղել Երկու ամիս առաջ` հունիսի 3-ին:
Կորոնավիրուսի դեպքերի անկման դրական միտումը շարունակվում է, ասում է Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը. – «Թվերն իրենք իրենցով արդեն ցույց են տալիս էական նվազումը: Բայց, ինչպես նախկինում, հիմա էլ անընդհատ կրկնելու ենք, որ զգոնությունը թուլացնել չի կարելի: Որովհետև եթե թուլացնենք, թվերը սկսելու են աճել»:
Նախարարությունը հորդորում է շարունակել պահպանել հակահամաճարակային երեք կանոնները` կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն և պարբերաբար ախտահանել ձեռքերը:
Շարունակում է նվազել նաև հիվանդությունը բարդացումներով տանող հիվանդների թիվը: Երեկվա դրությամբ, կորոնավիրուսը ծանր է տանում 270 մարդ, 67 անձ ծայրահեղ ծանր վիճակում է, 17 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքին:
Ալինա Նիկողոսյան. – «Ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների թիվը ևս նվազել է գոնե նախկին տասը օրվա համեմատ»:
Քովիդով հիվանդ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մարդիկ հիմնականում բուժում են ստանում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում: Հաստատության փոխտնօրեն Պետրոս Մանուկյանն «Ազատության» հետ զրույցում մատնանշեց այլ երկրների փորձը, երբ կորոնավիրուսային թվերի նվազումը ժամանակավոր բնույթ է կրել, և կանոնների չպահպանման հետևանքով համաճարակային վիճակը կրկին վատթարացել է։
«Եվրոպական որոշ երկրներում մենք նկատում ենք, որ վերջին ժամանակներս նկատվում է կորոնավիրուսային վարակով հիվանդների քանակի աճ», - նշեց նա:
Մասնագետը հորդորում է զգոն լինել` ընդգծելով, որ հակառակ դեպքում թվերը կաճեն: Պետրոսյանի գնահատմամբ մայրաքաղաքում կանոնները հիմնականում պահպանվում են, սակայն մարզերում բարձիթողի վիճակ է, ինչը մտահոգիչ է. – «Կապը տարբեր մարզային բուժհաստատությունների հետ փաստում են դա, որ շատ վատ է դրված հարցը, հատկապես դիմակների կրելը»:
Անցած մեկ օրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 23-ով՝ հասնելով 40 հազար 433-ի: Ինչպես և նախորդ հանգստյան օրերին, այս անգամ ևս իրականացվել է սովորականից քիչ` 340 հետազոտություն, դրական է եղել դրանց 6,8 տոկոսը:
Երեկ քովիդից մահացել է 67-85 տարեկան 5 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 796-ի: «Նրանք բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ», - նշեց Նիկողոսյանը:
Եվս 228 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Լեռնային Ղարաբաղում երեկ հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք` հասնելով 251-ի: 13 մարդ ապաքինվել է: Արցախում այժմ քովիդից բուժվում է 23 մարդ: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 3-ինը` միջին ծանրության:
Մինչ օրս Լեռնային Ղարաբաղում կորոնավիրուսով վարակված 1 անձ է մահացել, սակայն` այլ պատճառներով: