«Սևրի պայմանագիրը մնում է կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու մասին». նախագահ

«Սևրի պայմանագիրն մնում է կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին», - սիրիական հեղինակավոր Ալ-Ազմենահ թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

Նախագահը նշել է. «Սևրի պայմանագիրն իր բնույթով խաղաղության պայմանագիր էր, և այդ առումով, իրոք, այն կարող էր արմատապես լուծել մեր ռեգիոնի ամենախրթին հարցերից մեկը՝ Հայկական հարցը:

Սևրի պայմանագիրը չարժանացավ լիակատար վավերացման (հետևաբար մնում է անկատար (unperfected) և, ճիշտ է, Հայաստանի մասով որոշումները միջազգային քաղաքական իրադրության փոփոխության պատճառով չեն իրականացվել, սակայն այն նաև երբևէ չեղյալ չի հայտարարվել»:

Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ Սևրի պայմանագիրն օրինական, միջպետական, նաև de facto գործող փաստաթուղթ է, քանի որ այս փաստաթղթի վրա են խարսխված եղել կամ սրանից են ածանցվել Միջինարևելյան մի շարք երկրների Առաջին աշխարհամարտին հաջորդող որոշ ժամանակահատվածի կամ ներկայիս կարգավիճակները, մասնավորապես՝ Սիրիայի (ներկայումս՝ Սիրիա-Լիբանան) և Միջագետքի (ներկայումս՝ Իրաք-Քուվեյթ), Պաղեստինի (ներկայումս՝ Իսրայել և Պաղեստինի իշխանություններ), Հեջազի (ներկայումս՝ Սաուդյան Արաբիա), Եգիպտոսի, Սուդանի, Կիպրոսի, Մարոկոյի, Թունիսի և Լիբիայի:

«Այս շարքում Սևրի հաշտության պայմանագիրը կարող էր նպաստել Հայկական հարցի լուծմանը և հայ ժողովրդի համախմբմանը իր պատմական տարածքների վրա։ Սակայն 1920թ. սեպտեմբերին քեմալականների սանձազերծած արշավանքը Հայաստանի Հանրապետության դեմ ավարտվեց Հայոց անկախ պետականության վերացմամբ և Հայաստանի խորհրդայնացմամբ: Այսպիսով, հայ ժողովրդի դարավոր պայքարը՝ մեկ պետական կազմավորման մեջ միավորելու բաժանված Հայաստանի մասերը, չպսակվեց հաջողությամբ», - ասել է նախագահը:

Այդուհանդերձ Արմեն Սարգսյանը նշել է, որ Սևրի հաշտության պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին։

Անդրադառնալով հուլիսի Տավուշում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բախումների Հայաստանի նախագահն ընդգծել է. «Այս ընթացքում, երբ ողջ աշխարհն ու մենք պայքարում ենք մեկ ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսի համավարակի դեմ, և չնայած այն հանգամանքին, որ ողջ աշխարհում հակամարտությունները դադարեցվել են, մեր հարևան երկիրը՝ Ադրբեջանը, փորձեց օգտվել այս իրավիճակից՝ օգտագործելով բացասական իմաստով այս «հնարավորության պատուհանը» հայ-ադրբեջանական սահմանին ագրեսիա հրահրելու համար: Դեռ լավ է, որ հայկական զինված ուժերը դրսևորեցին մարտական բարձր պատրաստականություն և բառացիորեն երկու-երեք օրվա ընթացում կարողացան զսպել հակառակորդի նկրտումները, այսպիսով մեր ռեգիոնը փրկելով լայնածավալ ընդհարումների հրդեհից»:

Նա ասել է, որ Տավուշի դեպքերը ցույց տվեցին, որ կան շատ լուրջ մտահոգություններ:

«Իմ մտահոգության առաջին կետը վերաբերում է մեր հարավային հարևանի՝ Թուրքիայի կողմից բավականին ագրեսիվ հռետորաբանությանը: Թուրքիան միջազգային հարաբերություններին ոչ հարիր բառապաշար է օգտագործում Հայաստանի նկատմամբ: Եվ սա արվում է առանց որևէ հիմնավորման, անպատասխանատու կերպով: Չմոռանանք, որ սա այն երկիրն է, որը նաև մարդկային մեծ ողբերգության վայր է եղել, որտեղ 105 տարի առաջ ցեղասպանություն է իրականացվել մեր ժողովրդի նկատմամբ: Ու փոխանակ իր անցյալի սև էջերը ճանաչելու միջոցով կամուրջ ստեղծելու Հայաստանի հետ, նրանք օգտագործում են մի բառապաշար, որն իրականում ցույց է տալիս նրանց մտադրությունը՝ շարունակելու այն, ինչ տեղի է ունեցել 105 տարի առաջ:

Երկրորդ մտահոգությունս այն է, որ Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանը վտանգ է ներկայացնում Ադրբեջանի տարածքով անցնող միջազգային ենթակառուցվածքների համար: Սա բացարձակ անհեթեթություն է: Այդ ենթակառուցվածքները գոյություն ունեն, իրենց տեղում են ավելի քան 20 տարի, և Հայաստանը երբեք դրանք ոչնչացնելու մտադրություն չի ցուցաբերել: Իմ ուղերձն այն է, որ Հայաստանը երբեք չի եղել, չէ և չի լինի սպառնալիք որևէ մեկի համար, քանի որ մենք նրա՛նց հետնորդներն ենք, ովքեր անցել են ցեղասպանության միջով և վերապրել են: Այնպես որ մենք շատ լավ գիտենք, ինչ է նշանակում տառապել, գիտենք, ինչ են նշանակում մարդկային արժեքները: Ես մտահոգ եմ, որ երբ ողջ աշխարհը համատեղ պայքարում է համավարակի դեմ, ոմանք անմարդկային գործողություններ են ծրագրում:

Հաջորդ մտահոգությունս վերաբերում է Ադրբեջանի կառավարությունից կամ համապատասխան գերատեսչություններից հնչող պաշտոնական հայտարարություններին, թե Ադրբեջանը կարող է հարվածել Մեծամորի ատոմակայանին: Ես ինքս ֆիզիկոս եմ ու շատ լավ պատկերացնում եմ այն իրական հետևանքները, որ կարող է լինել, եթե հանկարծ որոշեն հարվածել ատոմակայանին: Ուստի ես այս հայտարարությունն ընդունում եմ որպես ահաբեկչական գործողության մտադրություն, որը միջազգային հարաբերություններում բնորոշվում է որպես միջուկային ահաբեկչություն: Աստված մի արասցե, եթե դա հանկարծ տեղի ունենա, մենք կունենանք կովկասյան Չեռնոբիլ: Ո՛չ միայն Հայաստանն է տուժելու, այլև բոլորն են տուժելու՝ ներառյալ Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Մերձավոր Արևելքը...

Ինչ խնդիրներ էլ լինեն երկրների միջև, հարևանների միջև, միջուկային թեմայով կրակի հետ խաղալ չի կարելի», - հավելել է նախագահը: