«Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Հանրապետականի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը բավարարվել է դատարանի կողմից, նա կալանավորվել է: Այս մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշումը հրապարակել է շաբաթ գիշերը:
Լևոն Սարգսյանը, որը հետախուզվում էր 2018-ի հոկտեմբերից, Ռուսաստանից արտահանձնվել է Հայաստան օգոստոսի 6-ին:
Նախկին իշխող Հանրապետականի պատգամավոր անցած տարվա նոյեմբերին հայտնաբերվել և ձերբակալվել է Ռուսաստանում՝ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում, ապա՝ կալանավորվել։
«Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Սարգսյանը մեղադրվում է դեռ 12 տարի առաջ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու մեջ: Խոսքը 2008-ին Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման մասին է: Հեղափոխությունից հետո Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց, որ հարձակման իրական պատվիրատուն Լևոն Սարգսյանն է: