Լիբանանում իշխանափոխություն են պահանջում

Լիբանանում իշխանափոխության կոչերը գնալով ավելի բարձր են հնչում և նման տրամադրություններ են հայտնում ոչ միայն վրդովված ցուցարարները, այլև որոշակի դիրք և ազդեցություն ունեցող գործիչներ։

Լիբանանի մարոնիտ քրիստոնյաների հոգևոր առաջնորդ Բաշարե Բուտրոս ալ-Ռային երեկ ասել է, որ կառավարությունը պետք է հրաժարական տա։ Կիրակնօրյա իր քարոզում, նա նշել է, թե պատգամավորի, կամ նախարարի հրաժարականները բավարար չեն, ամբողջ կառավարությունը պետք է հրաժարական տա, քանի որ ընդունակ չէ օգնելու երկրի ապաքինմանը։

Կիրակի օրը տեղեկատվության նախարար Մանալ Աբդել Սամանդը հայտարարել է, որ հրաժարական է տալիս, քանի որ կառավարությունը ձախողել է բարեփոխումները:

Լիբանանում իշխանությունների հանդեպ դժգոհություններ կային, կոռուպցիոն մեղադրանքներ, իսկ օգոստոսի 4-ին նավահանգստում տեղի ունեցած պայթյունը այդ դժոգհություններին գումարել են նաև անփութության, վատ կառավարման մեղադրանքները:

Ռուսական նավի թողած պայթուցիկ վտանգավոր նյութերը տարիներ շարունակ պահեստում գտնվել են առանց պատշաճ հսկողության, անհրաժեշտ անվտանգություն չի ապահովվել, որի պատճառով վերանորոգման աշխատանքների ժամանակ ուժեղ պայթյունը մեծ ավերածություններ է պատճառել Բեյրութին, առնվազն 160 մարդ է զոհվել, հինգ հազարից ավելին՝ վիրավորվել։

Շաբաթ երեկո վրդովված ցուցարարները կառավարական մի քանի շենք էին գրավել, Արտաքին գործերի նախարարության շենքը հռչակել հեղափոխության շտաբ․ ոստիկաններն ու զինվորականները կարողացել էին մի քանի ժամ անց ազատել շենքերը: Բախումներ, վիրավորներ, ըստ Կարմիր խաչի, առնվազն 55 մարդ էր հոսպիտալացվել, ոստիկանությունը հաղորդել է մեկ ոստիկանի զոհվելու մասին:

Օգոստոսի 9-ին աշխարհի առաջնորդների, շուրջ 15 երկրների ղեկավարների ներկայացուցիչների հետ կայացած տեսակոնֆերանսում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մկարոնն ասել է, թե աշխարհի հզոր երկրները պետք է մի կողմ թողնեն տարաձայնությունները և աջակցեն Լիբանանի ժողովրդին, որի ապագան խաղադրույքի տակ է հայտնվել հզոր պայթյունից հետո։ 250 հազար մարդ անօթևան է մնացել, զոհերի թիվը հասել է 160-ի:

Մակրոնն ասել, որ Լիբանանին ցուցաբերվող օգնությունը համակարգվելու է ՄԱԿ-ի կողմից: Դրանով նա նաև փորձել է փարատել դոնորների կասկածները, անվստահությունը, թե կոռումպացված կառավարությունը կարող է նպատակային չօգտագործել ստացված միջոցները։ Օգնության խոչընդոտներից է նաև Լիբանանում գործող շիա մահմեդականների «Հզբոլահ» ռազմաքաղաքական խմբավորումը, որը գտնվում է Իրանի ազդեցության տակ։

Տեսակոնֆերանսին մասնակցել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամը, Թվիթերում նա գրել է, թե բոլորը ցանկանում են օգնել։

Մինչ աշխարհը քննարկում էր Լիբանանին աջակցելու հնարավորությունները, նույն օրը Բեյրութում ցուցարարների ու ոստիկանության միջև բախումները շարունակվում էին։ Ակտիվիստները ոստիկանների ուղղությամբ քարեր էին նետում։ Ոստիկանները հարձակվում էին նրանց վրա։

«Ռոյթերս»-ի հետ զրույցում լիբանանցիներն ասել են, թե ոչինչ չի փոխվի, քանի դեռ այս իշխանությունները չեն հեռացել: «Սա Լիբանանն է, ոչինչ չի փոխվի, քանի դեռ մեզ չի առաջնորդի ուրիշ որևէ մեկը», - ասել է պայթյունի հետևանքով տուժած Ջոն Գարզոն:

Լիբանանը Ֆրանսիայի նախկին գաղութն է, ու երբ պայթյունից հետո Էմանյուել Մակրոնը այցելել էր Բեյրութ, լիբանանցիները նրան բողոքում էին սեփական կառավարությունից։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը լիբանանցիներին կոչ է արել պայթյունից հետո կառուցել ազատ և ուժեղ համակեցություն։

Նա կրկնել է Լիբանանին օգնելու միջազգային հանրությանն ուղղված իր կոչը։ Պապն իր կողմից 250 հազար եվրոյի հանգանակություն է կատարել Լիբանանի եկեղեցուն զոհերի հարազատներին օգնելու համար։