Մինսկում ձերբակալել, այնուհետև երկրից վտարել են «Ազատություն» Ռ/Կ-ի երեք լրագրողների

«Ազատության» լրագրողը Մինսկում հանրահավաք լուսաբանելիս, արխիվ

Մինսկում բերման ենթարկված «Ազատություն» Ռ/Կ-ի «Current Time» ռուսալեզու հեռուստածրագրի երեք լրագրողներին երեկ կեսգիշերին մոտ արտաքսել են Բելառուսից։

Իրինա Ռոմալիյսկայան, Յուրի Բարանյուկն ու Իվան Գրեբենյուկը շաբաթներ շարունակ լուսաբանում էին Բելառուսի նախագահական ընտրությունների քարոզարշավը։ Վերջինս Ռուսաստանի քաղաքացի է, մյուս երկուսը՝ Ուկրաինայի։ Օգոստոսի 7-ին ոստիկանները նրանց բերման են ենթարկել Մինսկի հյուրանոցից ու տարել մոտակա ոստիկանական բաժանմունք։

Ձերբակալվածների, ինչպես նաև Բելառուսում «Current Time»-ի թղթակից Ռոման Վասյուկովիչի ձեռքի հեռախոսները արգելափակված էին։

«Current Time»-ի մեր լրագրողները ձերբակալվել են Բելառուսի նախագահական ընտրությունները պրոֆեսիոնալ լուսաբանելու ընթացքում», - հայտարարել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» Ռ/Կ-ի գործող նախագահ Դեզի Սինդլերը։

«Current Time»-ը շաբաթներ առաջ էր դիմել Բելառուսի արտգործնախարարություն լրագրողներին հավատարմագրելու համար, սակայն պատասխան չէր ստացվել։

Երեկ ուշ երեկոյան Իվան Գրեբենյուկը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ իրենց արտաքսում են երկրից, 10 տարի իրավունք չունեն մտնել Բելառուս, օդանավակայանից մեկնում են Օդեսա։

Բելառուսի նախագահական ընտրությունները օգոստոսի 9-ին է։ 1994 թվականից երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն առաջադրվել է թեկնածու, նրա մրցակիցները ենթարկվել են հետապնդումների և ձերբակալությունների։