Մաթևոսյանի արձակը «հայեցակարգային արվեստ է, որի վրա կարելի է պետություն կառուցել»

Դավիթ Մաթևոսյան

Այս տարվա փետրվարի 12-ին լրացավ հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 85-ամյա հոբելյանը, որը առայժմ միայն երկու փաստով է նշանավորվել. «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում «Մոսկվա» կինոթատրոնի մոտ Ազնավուրի անունը կրող հրապարակում տեղադրվեց Հրանտ Մաթևոսյանի աստղը, և այս օրերին էլ անցկացվող «Արմմոնո» թատերական միջազգային փառատոնը, որն այս տարի նվիրված է Հրանտ Մաթևոսյանի հոբելյանին, մեկնարկեց նրա անունը կրող, արդեն երկու տարի քաղաքի կենտրոնական հատվածում վեր խոյացող, բայց դեռ չգործող կենտրոն- թանգարանից:

«Ազատությունն» այսօր զրուցել է «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանի հետ:

«Ազատություն». - Արդյո՞ք փառատոնի մեկնարկն այս թանգարանից հիմք է տալիս ենթադրելու, որ Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն-թանգարանն ի վերջո մոտ ապագայում կբացի դռները:

Դավիթ Մաթևոսյան. – «Այդ հարցը ինձ պիտի չլինի ուղղված, դա իշխանություններին և Կառավարությանն ուղղված հարց է: Ես պիտի ստիպված միայն սկեպսիսով խոսեմ այն մասին, որ տեսանելի ապագայում դա տեղի կունենա` չնայած արդեն գրեթե մեկ տարի առաջ վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը և վարչապետի հանձնարարականներին: Ինչ-որ ներքին ադմինիստրատիվ, նամակագրական պրոցեսներ են տեղի ունենում, որոնք շատ անհետաքրքիր են, և ըստ էության տեղաշարժեր ես չեմ տեսնում առայժմ: Ուստի ես ասում եմ, որ ընթացիկ տարում, մանավանդ քովիդ համաճարակի և նման կարգի համավարակային խնդիրների հետ կապված, հազիվ թե մենք որևէ նորություն ունենանք: «Արմմոնո»-ի արածը, Մարիաննայի` «Արմմոնո»-ի տնօրենի և Նարինե Գրիգորյանի նախաձեռնությունը` բեմականացնել «Գոմեշը», հրաշալի նախաձեռնություն է, մանավանդ, որ «Արմմոնո»-ն նվիրվեց Մաթևոսյանի 85-ամյակին: Հրաշալի էր այնքանով, որ էս ճահճացումը և էս տխուր իրավիճակը, որ մեր մշակութային իրականության մեջ գոյություն ուներ, ալեկոծվեց մի փոքր և հիմա զարդարվեց այդ պայծառ իրադարձությամբ, որ «Արմմոնո» փառատոնն է: Եվ ասեմ առաջին տպավորությունս պրեմիերայից. պրեմիերան միշտ ապագա հղկում և փայլեցում ենթադրող ինչ-որ բան է, քանի որ արտիստը, բեմադրողը և նյութը իրար են սազում, իրար են համարկվում և նոր ու նոր որակներ ձեռք բերում: Այդ տեսակետից էս բեմադրությունը միանգամից ցույց տվեց, որ շատ լուրջ և հեռանկարային փառատոնային և մրցանակային ներկայացման հայտ է ներկայացվում: Եվ հրաշալի ապագա ունի: Եվ ես կուզենամ, որ մեր հանդիսատեսը, Մաթևոսյանի խոսքը, Մաթևոսյանի արձակը և թատրոնը գնահատող հանդիսատեսը անպայմանորեն դիտի»:

«Ազատություն». – Եվ առավել հաճախ լսի Մաթևոսյանի խոսքը:

Դավիթ Մաթևոսյան. – Առավել հաճախ լսի Մաթևոսյանի խոսքը, առավել հաճախ գա էն ընկալման, որ մեր իրականությունը ահա էս խոսքով, էս ավետարանով, էս աստվածաշնչով, ինչպես Մաթևոսյանն էր ասում, որ ուզում էր աստվածաշունչ ստեղծել հայ ժողովրդի համար, ահա էս աստվածաշնչով կարող է առաջնորդվել, և սա կարող է լինել մեր այսպես ասած` մշակույթի բացակա հայեցակարգը: Հայեցակարգային արձակ է, հայեցակարգային արվեստ է, և էդ արվեստի վրա կարելի է պետություն կառուցել: Ինչը մենք չենք անում»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ.

Your browser doesn’t support HTML5

Մաթևոսյանի արձակը «հայեցակարգային արվեստ է, որի վրա կարելի է պետություն կառուցել»