Գյումրիում անշարժ գույքի շուկայում գնաճ է արձանագրվում

Կորոնավիրուսի համաճարակը մասնագետների կանխատեսմամբ պետք է հանգեցներ անշարժ գույքի գների նվազման։ Այդուհանդերձ, ոլորտի աշխատողներն արդեն հակառակ գործընթացն են արձանագրում։

Գյումրիի «Ագ էսթեյթ» գործակալության տնօրեն Արարատ Պապոյանն ընդգծում է՝ անշարժ գույքի շուկայի գնաճ է արձանագրվում, որն անսպասելի էր. - «Հայաստանում 9.5-ից 10 տոկոս միջին անշարժ գույքի շուկայի գների աճ է նկատվել անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած: Դա բավականին մեզ համար` որպես մանագետների, անսպասելի դրսևորում էր, որովհետև անշարժ գույքի շուկայում կա՛մ կլինի գնանկում առք ու վաճառքի գործարքների քանակի նվազման հետ մեկտեղ, կա՛մ գոնե նույն մակարդակը կմնա, բայց մեզ մոտ գների որոշակի աճ է նկատվել», - ասում է նա:

Մայիսին առք ու վաճառքի գործարքների թիվը նվազել է, իսկ հունիսին կրկին աճել, ընդգծում է Պապոյանը: Նախորդ ամիս շուկայում առաջարկի գների աճ է կրկին նկատվել. - «Հունիսի և հուլիսի տենդենցները նույնն են, այսինքն` գործարքների կամ գների նվազում չենք նկատում, ընդհակառակը` եթե Գյումրիի շուկայով վերլուծենք, առաջարկների, գների բարձացում է նկատվում հուլիս ամսին հունիսի հետ համեմատած: Չենք կարող ասել գնաճ, առաջարկներն են, որ մարդիկ վաճառահանում են, այդ վաճառահանման գների աճ է նկատվում»:

Անշարժ գույքի առք ու վաճառքի հայտարարություններից էլ պարզ երևում է, որ հատկապես բնակարանների ու սեփական տների գնաճ կա: Տնտեսագետ Ղարիբ Հարությունյանն անշարժ գույքի շուկայում գնաճն արհեստական է համարում. - «Այն մարդիկ, ովքեր վաճառում են իրենց բնակարանները, որոշակի գներ են ֆիքսել, և իրենք չեն ցանկանում այդ գները որևէ կերպ սակարկել, ու հիմնականում դա պայմանավորված է նրանով, որ այս պահին բոլորի մոտ սպասողական վիճակ է` կախված կորոնավիրուսի ստեղծած իրավիճակի հետ: Իրենք սպասում են, որ օրինակ` համավարակի ազդեցությունը եթե վերանա, տնտեսությունը կակտիվանա, և գները կբարձրանան: Մտածում են, որ ավելի բարձր գնով կվաճառեն, և իրենք ֆիքսում են ինչ-որ մի գին և չեն էժանացնում: Սա էլ բերում է նաև այսպես կոչված` արհեստական գնաճի: Կարծում եմ, որ իրականում այդքան շատ չէ գործարքների քանակը և առք ու վաճառքը, այսինքն` շուկայում այդքան մեծ չի ակտիվությունը, պահանջարկն այնքան մեծ չէ, որ ինքը բերի իրական գնաճի: Սա ավելի շատ արհեստական գնաճ կարելի է համարել»:

Գների բարձրացումը եթե մայրաքաղաքում կապում են հիփոթեկային վարկավորմամբ, հատկապես նորակառույցներից եկամտահարկի վերադարձով, Գյումրիում նման շենքեր չկան: Որքա՞ն է կազմում մեկ քառակուսի մետրի արժեքը հիմա Հայաստանի երկրորդ քաղաքում: «Մոտավորապես 95 հազար դրամ մեկ քառակուսի մետրի միջին գինը, հիմա միջին գինը ֆիքսվում է մոտավորապես 100-110 հազար դրամի սահմանների միջակայքի մեջ, կենտրոնում գների աճը ավելի շատ է` մոտավորապես 150 հազար դրամ որոշակի տարածքի տները հիմա մոտավորապես 180 հազար դրամի մակարդակի, այսինքն` մոտ 15-20 տոկոսի ավելի աճ կա այն դեպքերում, եթե տվյալ գույքն ավելի հրապուրիչ է»:

Գյումրիում, ըստ մասնագետների, նաև հողատարածքների գների աճ է արձանագրվել, ընդ որում՝ 50-100 տոկոսով. - «Հողերի գների աճն էլ հիմնականում կատարվում է այն դեպքում, երբ շուկան ունի դրական դինամիկա, գների աճ կա: Հիմա մեզ մոտ հողերի շուկայում տեղեր կան` մոտ 50-100 տոկոս գնային աճ է նկատվել, ոչ կենտրոնական հատվածների մասին է խոսքը, և դա ներդրողների արձագանքն է, այսինքն` իրենց նկատառումներով շուկայի որևէ սպառնալիքներ էական նկատվող այս պահին չեն տեսնում», - նշեց Արարատ Պապոյանը:

Այդուհանդերձ, չնայած բնակարանների ու տների վաճառքի գների որոշակի աճին, շուկայում արձանագրվել է վարձով բնակարանների գների որոշակի նվազում. - «Նվազումները հիմնականում վերաբերում են անշարժ գույքի վարձակալության շուկայական արժեքին, որոնք նվազել են, և առանձնապես էական են կոմերցիոն տարածքների վարձակալման նվազումները, ու կոմերցիոն տարածքներից այն տարածքները, որոնք հասարակական սննդի հետ են կապված, առևտրային տարածքների հետ են կապված: Արտադրական և բնակելի տարածքներում նվազումն այդքան էական չի նկատվել, բացառությամբ այն բնակելի տները, որոնք որպես հանգստյան տուրիզմի ոլորտում օգտագործվում էին որպես օրավարձով տրվող կամ կարճ ժամկետով տրվող հյուրատներ: Այնտեղ նույնպես գների անկումը նկատվում է»:

Կադաստրի կոմիտեում այս պահին հուլիս ամսվա տվյալների վերլուծություն դեռ չունեն: Այն կամփոփվի մի քանի օրից: