Կանադացի աշխարհահռչակ ռոքեր Նիլ Յանգը դատարան է դիմել և պահանջում է, որ իր հայտնի հիթերն այլևս չհնչեն հանրապետական նախագահ Դոնալդ Թրափի նախընտրական հանդիպումների ընթացքում:
Նիլ Յանգը հայցը ներկայացրել է Նյու Յորքի Մանհեթենի շրջանային դատարան, նա Թրամփին մեղադրում է հեղինակային իրավունքները խախտելու համար:
Rockin' in the Free World-ը և Devil's Sidewalk-ը ռոքերի բազմաթիվ համաշխարհային հիթերից երկուսն են: Դոնալդ Թրամփի թիմն այդ երգերը շատ հաճախ է բարձրաձայն միացնում նախընտրական հավաքների ժամանակ: Դրանք հնչել են նաև այս տարվա հունիսի 20-ին Տալսայում տեղի ունեցած հավաքում, որն ուղեկցվել է ռասայական խնդիրների շուրջ սուր վեճերով և ընդհարումներով:
Նիլ Յանգն ասում է, որ Դոնալդ Թրամփն իր երգերն օգտագործում է սկսած 2015 թվականից: Ռոքերն այն ժամանակ էլ է բողոքել, բայց Թրամփի շտաբը չարամտորեն անտեսել է բողոքները:
«Հայցվորը բնավ չի ցանկանում ոտնահարել որևէ տեսակետ և կարծիք ունենալու այս կամ այն թեկնածուին սատարելու Ամերիկայի քաղաքացիների իրավունքը, սակայն ընդգծում է, թե չի ուզում, որ իր ստեղծագործությունները ծառայեն որպես թեմատիկ երգեր Ամերիկայում տգիտության և ատելության մթնոլորտում իրականացվող ընտրական արշավում»,- ասել է ռոքերի փաստաբանը:
Նիլ Յանգը յուրաքանչյուր խախտման համար 150 հազար դոլար հատուցում է պահանջում: Թրամփի նախընտրական թիմն այս դատական հայցի վերաբերյալ որևէ մեկնաբանություն դեռ չի արել:
Նիլ Յանգը ծնվել է Կանադայում, բայց ունի նաև ամերիկյան քաղաքացիություն: 74-ամյա ռոքերի անունը երկու անգամ հավերժացրել են Ռոք-ն-Ռոլի պատվո սրահում՝ 1995 թվականին որպես անհատ կատարող և 1997-ին որպես Buffalo Springfield լեգենդար ռոք-խմբի անդամ:
Ռոքերները հաճախ են բողոքում իրենց ստեղծագործությունները քաղաքական նպատակներով օգտագործելու երևույթի դեմ:
1984 թվականին Բրյուս Սփրինգսթինը Ռոնալդ Ռեյգանից պահանջել է չհիշատակել իր անունը և չօգտագործել Born in the U.S.A երգը վերընտրվելու արշավում:
Այս տարվա հուլիսին Aerosmith, Green Day, Linkin Park, Pearl Jam խմբերը, ռոլինգներից Կիս Ռիչարդզը և Միք Ջեգերը, անհատ կատարողներ բրիտանացի Էլթոն Ջոնը և ավստրալուհի Սիան բաց նամակով դիմել են քաղաքական գործիչներին` պահանջելով քաղաքական միջոցառումներում որևէ երգ օգտագործելուց առաջ պաշտոնապես ստանալ հեղինակի թույլտվությունը: