Իլհամ Ալիևը` Արևմուտքի քննադատության թիրախում

«Ադրբեջանում վերջին մի քանի ամսվա ընթացքում միայն ձերբակալվել է ավելի քան հարյուր ընդդիմադիր գործիչ ու ակտիվիստ, նրանցից շատերը մինչև այսօր զրկված են փաստաբանի հետ տեսակցելու հնարավորությունից, ոմանք, ըստ հաղորդումների, ենթարկվում են ծեծի ու կտտանքների», - ահազանգում է միջազգային ամենահեղինակավոր կառույցներից մեկը` Amnesty International-ը:

Իրավապաշտպան կազմակերպությունը նախօրեին հատուկ հայտարարություն է տարածել փաստելով` ընդդիմադիրների ու ակտիվիստների դեմ բռնաճնշումների այս նոր ալիքը կարող է վերջնականապես ոչնչացնել Ադրբեջանի` արդեն իսկ ծվեն-ծվեն եղած ընդդիմադիր դաշտը:

Մեծ Բրիտանիայում գործող կազմակերպությունը, որը պնդում է, թե ութ միլիոն աջակից ունի ողջ աշխարհով մեկ, մանրամասն նկարագրում է, թե ինչպես է նախագահ Իլհամ Ալիևը յուրաքանչյուր առիթ օգտագործում` ընդդիմախոսներին լռեցնելու և բանտերը նետելու համար:

«Դեռ մարտին` Covid-19 համաճարակին արձագանքելու համատեքստում Նախագահ Ալիևը խոստացել էր «մաքրել» երկիրը քաղաքական ընդդիմությունից՝ նրանց որակելով «դավաճաններ» և «հինգերորդ շարասյուն», - փաստում է զեկույցը, շարունակելով, - «հուլիսին Բաքվի կենտրոնում սկսված ցույցերից հետո էլ նա հրապարակավ մեղադրեց ընդդիմությանը բռնություններ հրահրելու մեջ՝ կրկին սպառնալով լուծել «հինգերորդ շարասյան» հարցը»:

Ըստ տեղական դիտորդների և ականատեսների, ցույցից անմիջապես հետո ոստիկանությունը բերման է ենթարկել ավելի քան 70 մարդու: Յոթին մեղադրանք է առաջադրվել քրեական հանցագործության համար, 46-ը ենթարկվել է վարչական կալանքի` 15-ից 60 օր տևողությամբ: Amnesty International-ի աղբյուրները հայտնել են նաև, որ ձերբակալված անձինք պահվել են անտանելի պայմաններում` սահմանափակ սնունդով ու ջրով, ոստիկանները արգելել են նրանց տեսակցությունները, ոմանցից պահանջել հեռախոսները` անձնական նամակագրությունը ստուգելու համար, ըստ որոշ տեղեկությունների, նաև խոշտանգել:

Իրավապաշտպան կառույցն արձանագրում է, որ այս ձերբակալությունների թիրախում են եղել հատկապես ընդդիմադիր կուսակցությունները, ազատազրկվածներից մոտավորապես 40-ը Ադրբեջանի «Ժողովրդական Ճակատ» կուսակցության անդամներն են ու կողմնակիցները, այդ թվում` նախագահության չորս ներկայացուցիչներ: Նրանցից երկուսին սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում` գույքի ոչնչացման, հասարակական կարգը խախտելու, ոստիկանությանը դիմադրելու համար: Մյուս երկուսին, մինչդեռ, առավել ծանր` իշխանությունը բռնազավթելու փորձի մեղադրանք է ներկայացվել, ինչի համար նախատեսված է ազատազրկում մինչև քսան տարի ժամկետով: Եվ սա այն դեպքում, երբ ըստ կուսակցության պնդումների, ձերբակալված չորս առաջնորդներից միայն մեկն է մասնակցել հուլիսի 14-ին Բաքվում տեղի ունեցած հանրահավաքին:

«Ըստ տեղական իրավապաշտպանների, ձերբակալված քաղաքական ակտիվիստների և առաջնորդների մեծ մասը զրկված են արտաքին աշխարհի հետ շփման հնարավորությունից ու իրենց ընտրությամբ փաստաբան ունենալու իրավունքից», - հայտարարում է Amnesty International-ը, հիշեցնելով` օրեր առաջ` Հուլիսի 31-ին, նաև Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) համազեկուցողներն էին հայտարարել. «Անհանգստացած են հաղորդումներից, ըստ որոնց ձերբակալվածներին խոշտանգում են` ենթադրյալ հեղաշրջման մասին կեղծ ցուցմունքներ կորզելու համար»:

«Ադրբեջանի իշխանությունները պետք է դադարեցնեն քաղաքական դրդապատճառներով հետապնդումները, ոտնձգությունները, ահաբեկումները և հաշվեհարդարները քաղաքական ընդդիմախոսների և նրանց կողմնակիցների նկատմամբ», - հայտարարում է միջազգային կազմակերպությունը` իշխանություններից պահանջելով նաև «անհապաղ ու առանց նախապայմանի ազատ արձակել բոլոր նրանց, որ կալանավորվել են իրենց հիմնարար իրավունքները իրացնելու համար»:

Ադրբեջանում սկսված նոր բռնաճնշումներին անցած շաբաթ անդրադարձել էր նաև Washington post-ի խմբագրականը` նախագահ Ալիևին բնորոշելով որպես «անզուսպ մի բռնապետ, որի գործողությունները` սեփական ընդդիմախոսների դեմ, պետք է մտահոգիչ լինեն բոլորի համար»: Այսօր էլ Բրյուսելում լույս տեսնող Euobserver-ն է ծավալուն հոդված հրապարակել` այս անգամ ուշադրություն հրավիրելով Ալիևի վարչակազմի ռասիստական դիրքորոշումների ու հայտարարությունների վրա: Առիթը Եվրամիությունում Ադրբեջանի դեսպան Ֆուադ Իսգանդարովն է, ով տարածել է Ֆեյսբուքի օգտատերերից մեկի ծաղրական ու ռասիստական գրառումը` ոստիկանի կողմից սպանված ամերիկացի սևամորթ Ջորջ Ֆլոյդի ու Նահանգներում սկսված ցույցերի մասին:

Ռուսերենով գրված այդ տեքստի հեղինակը Ֆլոյդի հուղարկավորության մասնակիցներին որակել էր որպես «ծնկի եկած ապուշներ», հեգնել ցուցարարներին, վերջում էլ պնդել, թե նախագահության դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը «ծերունական թուլամտությամբ» է տառապում: Եվրոպական պարբերականը ադրբեջանցի դեսպանից հետաքրքրվել է` կիսում է այս կարծիքը, դրա համա՞ր է տարածել գրառումը: «Չեմ հիշում` ումից եմ ստացել և ինչպես եմ տարածել», - պատասխանել է դեսպան Ֆուադ Իսգանդարովը, ով տարիներ առաջ Ադրբեջանի Ազգային անվտանգության փոխնախարարն էր:

«Ես անձնապես ատում եմ խտրականության ցանկացած դրսևորում», - վստահեցրել է Ֆուադ Իսգանդարովը:

Մեջբերելով վերջինիս հավաստիացումները` Եվրոպական պարբերականը միաժամանակ փաստում է` նա ներկայացնում է մի վարչակազմ, որը տասնյակ լրագրողների ու ընդդիմախոսների է ազատազրկել: Վարչակազմ, որին Եվրոպայի Խորհուրդն ավելի վաղ քննադատել էր ` փոքրամասնությունների, այդ թվում` հայերի հասցեին հնչող խտրական հայտարարությունների համար: