Առաջիկա տարիներին Լեհաստանը շարունակելու է խորացնել հարաբերությունները Հյուսիսատլանտյան դաշինքի պետությունների՝ նախևառաջ Միացյալ Նահանգների հետ։ Այսօր Վարշավայում իր երդմնակալության արարողության ընթացքում նման հայտարարությամբ է հանդես եկել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան՝ ընդգծելով, որ իր նախագահական երկրորդ ժամկետի առաջնահերթություններից մեկը լինելու է երկրի պաշտպանունակության ամրապնդումը։
«Մենք պետք է շարունակենք մեր Զինված ուժերի արդիականացումն ու զարգացումը։ Դա պետք է իրականացվի դաշնակից այն ուժերի հետ միասին, որոնց ստորաբաժանումները տեղակայված են մեր երկրի տարածքում՝ մասնավորաբար Միացյալ Նահանգների։ Մենք պետք է աշխատենք ՆԱՏՕ-ի շրջանակներում՝ Եվրատլանտյան համագործակցությունը խորացնելու նպատակով», - հայտարարում էր Դուդան։
Նախորդ շաբաթ Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մոտ ապագայում ամերիկյան ռազմական ներկայությունը երկրի տարածքում մշտական բնույթ է ստանալու։ «Լեհաստանի տարածքում առնվազն 1000 հոգանոց ամերիկյան զորախումբ է տեղակայվելու», - հայտարարում է պաշտոնական Վարշավան։