Վարչապետ. Գտնվում ենք նույն վտանգների հանդիպման, ինչ մայիսի կեսերին

Նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում շարունակում է բարելավվել, քիչ առաջ պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք բոլոր ցուցանիշների գծով մոտեցել ենք մայիսի վերջին շաբաթվա, հունիսի առաջին շաբաթվա արձանագրված թվերի մակարդակին: Բայց խնդիրն այն է, որ այս բարենպաստ զարգացումներն իրենց հետ բերել են վատ լուրեր: Նույնիսկ անզեն աչքով նկատելի է, որ ՀՀ մեր սիրելի քաղաքացիների վարակի աճի տեմպի անկումը սկսել են մեկնաբանել որպես հակահամաճարակային կանոնները չպահպանելու առիթ, և նույնիսկ շատերին թվում է, որ իրավիճակը հաղթահարված է այլևս», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նախորդ օրը արձանագրվել է կորոնավիրուսի 288 դեպք, և ըստ վարչապետի` սա դեռևս հսկայական թիվ է, և այս առումով համաճարակային իրավիճակը մնում է բարդ: Ըստ նրա` պետք է առավել մեծ ջանքեր գործադրել` պահպանելու հակահամաճարակային կանոնները: «Մենք գտնվում ենք այն նույն վտանգների հանդիպման, ինչ վտանգների առաջ գտնվում էինք մայիսի կեսերին, երբ ակնկալում էինք, որ համաճարակի դեմ ապակենտրոն պայքար կսկսվի, բայց ցավոք այդ պայքարն այդքան էլ արդյունավետ չստացվեց», - նկատեց վարչապետը: