Հեղափոխությունը պարտվում է Ամուլսարում, Մաշտոցի պուրակում, ամեն քայլափոխի. Միքայել Նահապետյան

Ամուլսարի հարցը երեկ կրկին բախման պատճառ դարձավ հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստների, ոստիկանների ու շահագործման իրավունք ստացած «Լիդիան Արմենիա»-ի պահնորդների միջև:

«Ազատության» հետ զրույցում Ամուլսարի հանքի շահագործման հարցին տեղից (Ջերմուկ) անդրադառնում է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանը:

«Ազատություն». - Փաստացի հանքը չի շահագործվում, Դուք կարծո՞ւմ եք, որ եթե բնապահպանների ստեղծած այս արհեստական խոչընդոտը վերացվի, «Լիդիանն» անմիջապես սկսելու է ոսկի դուրս բերել, և կառավարությունն էլ չի՞ միջամտելու:

Միքայել Նահապետյան. - Դա տեխնոլոգիական պրոցես է, որոշակի ժամանակ է պետք ոսկու առաջին ձուլակտորը արդյունահանելու համար, ստանալու համար, բայց երբ որ այս սարի գագաթը բացվեց, մակաբացում կատարվեց, դրանից հետո, ըստ էության, ավելի լավ է` հանքը շահագործվի, քան չշահագործվի, որովհետև պրոցեսները դառնալու են անդառնալի, և այստեղ խնդիր է դրված թույլ չտալու բնության այնպիսի ձևափոխում, որի հետևանքներն արդեն կլինեն անդառնալի և ստեղծելու այնպիսի հետևանքներ ու պայմանների, որի դեպքում ջերմուկցին դատապարտված է լինելու հանքարդյունաբերող, լեռնամետալուրգ լինելու:

Այո, եթե ջերմուկցիները և նրանց աջակցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները փոքր-ինչ անգամ թուլացնեն իրենց ուշադրությունը, հետ քաշվեն այս պրոցեսի համար պայքարից, ընկերությունը ցանկացած հնարավորություն օգտագործելու է վերադառնալու իր ելակետային դիրքերին և կապիտալիզացնելու իր արած ֆինանսական ներդրումները: Եվ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մինչ այժմ որևէ կերպ ցույց չի տվել, որ դա իր համար անընդունելի սցենար է, ինքն ընտրել է «թող հաղթի ուժեղագույնը» տարբերակը` ով կհաղթի, այն էլ մերոնք են:

«Ազատություն». - Բայց վարչապետն ասել է, որ բնապահպանական բոլոր երաշխիքները պիտի լինեն, հակառակ դեպքում ինքն էլ է դեմ լինելու հանքի շահագործմանը, ավելին` ձեզ ասում էր` մենք կգնանք, ճանապարհը կփակենք մեր լծակներով:

Միքայել Նահապետյան. - Կառավարությունը հասկանում է, թե այստեղ ինչ է կատարվում, ուղղակի հարցը դրված է զոռբայությամբ ուզում եմ-ի ու չեմ ուզում-ի վրա. քաղաքական որոշում են կայացրել ձգել այս պրոցեսը, մինչ կողմերից որևէ մեկը հաղթի, ու իրենք սկզբունքորեն դեմ չեն, որ այս գոյություն ունեցող պայմաններում` բնապահպանական և այլն, «Լիդիանը» այդ հանքը շահագործի, իրենք դեմ չեն դրան: «Էլարդ» ընկերությունը, որին վարձել է կառավարությունը, տվել է բազմաթիվ թերությունների ու անկառավարելի ռիսկերի վերաբերյալ տեսակետ: Դրան ի պատասխան «Լիդիան Արմենիա»-ի փաստարկները «կապրենք, կտեսնենք»-ի և ազնիվ խոսքի մակարդակի են: Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի ունեցել, չունի ու իրենց գոյություն ունեցող մոտեցումներից ենթադրելով` կարելի է ասել, որ չի էլ ունենալու որևէ հնարավորություն նման ռիսկերը կանխելու, հակազդելու: Հեռու չգնանք. էտ որ մեզ էտքան դրոշակը ծածանում են, ասում են` բա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, այո, վատ է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում էկոլգիական վիճակը: Տեսչություն ունենք, բա գնացեք, զբաղվեք: Վարչապետն է ասում` չենք կարող փակել, մեր տնտեսությունը դրանից է կախված: Ես չեմ ուզում մենք հերթական հարցով գերի ընկնենք: Եթե վարչապետն ուզում է, որովհետև սուտ է, որ ինքը, երբ որ տեսավ` այստեղ բնապահպանական խնդիր կա, հանգիստ փակելու է, այդ մարդկանց ուղարկի տուն, 2 հազար քանի աշխատողին դարձնի գործազուրկ ու այդ փոսը թողնի մեր գլխին, որը մեզ սենց թե նենց թունավորելու է, ոսկին արդյունահանես, չարդյունահանես, երբ փոսն արդեն բացել ես, ինքը թունավորելու է, ավելի լավ է` ոսկին արդյունահանես:​

«Ազատություն». – Մի փաստարկ էլ «Լիդիանից». որ հանքը շահագործելու բոլոր թույլտվություններն ուժի մեջ են. մեկ: Որ հիմա ոսկու գինը ռեկորդային աճ է արձանագրում: Օրինակ, եթե այսօր հանքը շահագործվեր, տարեկան ավելի քան 100 միլիոն դոլարի վարկ էր վճարվելու պետությանը:

Միքայել Նահապետյան. – Էս կորոնավիրուսի ընթացքում դուք տեսաք չէ՞ մարդու կյանքի գինը ինչքան ա արժեվորվում, առողջության գինը ինչքան ա արժեվորվում: Ու ինչքան են գրում` մարդիկ ունեին ուղեկցող հիվանդություններ: Էդ ուղեկցող հիվանդությունները երկնքից չեն ընկնում: Էս մարդկանց կյանքը ուզում են ոսկով առնել, ու էդ ոսկու` իրանց մնացած մասով իրանց էրեխեքին տանեն պահեն ընդեղ, որտեղ կա անվճար կրթություն, առողջապահություն ու իդեալական պետություն, ու հետո ասեն` այ, Շվեյցարիան երկիր դառավ, Շվեյցարիան հզոր պետություն ա, չէ բա էն քամբախ Հայաստանը: Էդ վերևից նայելու մոտեցո՞ւմն ա մեզ հասնում... Չկա տենց բան: Մենք արժանի ենք լավագույն պետությանը, որ չի վաճառվում իրանց բերած էդ փշրանքներով:

«Ազատություն». - Այս անվճռականությունը Դուք կտարածեի՞ք ողջ հեղափոխության վրա։ Եվ եթե այո, Ձեզ հիմա էլի կասեն՝ բայց չէ՞ որ ձեր դիմաց ընտրություններ կեղծող, համակարգային կոռուպցիայով զբաղվող ուժ չէ, ինչո՞ւ չեք երկխոսում, այլ ճանապարհ եք փակում։

Միքայել Նահապետյան. - Այո, ես սա կտարածեմ հեղափոխության վրա, որովհետև հեղափոխությունը Ամուլսարում պարտություն է կրում։ Որովհետև հեղափոխությունը, իր շուրթերին ունենալով ժողովրդի իշխանություն, ժողովրդի ձայն, ուղիղ ժողովրդավարություն բառերը, էսօր դեմ ա դուրս էկել ժողովրդին։ Թույլ չի տալիս, որ համայնքը, որպես ժողովրդի ինքնակառավարվող մի մաս, իր ճակատագիրը որոշի։ Հեղափոխությունը պարտվում ա ամեն քայլափոխի, ամեն անկյունում, Մաշտոցի պուրակում ա հեղափոխությունը պարտվում, ռեֆորմների ոլորտում ա հեղափոխությունը պարտվում, և այո, Ամուլսարում հատկապես գիտակցված հեղափոխությունը պարտվում ա։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.