Հայրապետյանի` ՌԴ քաղաքացի լինելով` ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու մասին հրապարակումներն ուղարկվել են ՔԿ

Նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյան, արխիվ

Հայաստանի գլխավոր դատախազի հանձնարարությամբ հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի հանդիսանալու պայմաններում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափության վերաբերյալ մամուլի համապատասխան հրապարակումներն ուղարկվել են Քննչական կոմիտե: Այս մասին հայտնում է դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Դրանք ՔԿ են ուղարկվել` այնտեղ Ռուբեն Հայրապետյանի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում այդ հանգամանքները քննարկման առարկա դարձնելու, դրանցում Հայաստանի քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքների հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով:

«Դատախազությունը հետամուտ կլինի քննությամբ ձեռք բերված արդյունքերից ելնելով՝ համապատասխան իրավական գնահատական տալու հարցում», - իր ֆեյսբուքյան գրառման մեջ շեշտել է Աբրահամյանը:

Օրերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանը դադարեցրել է Հայրապետյանի հետախուզումը իր տարածքում։ Գլխավոր դատախազությունը հետախուզման դադարեցման պատճառը ստանալու համար դիմել էր Ռուսաստանի իրավապահներին։ Երեկ Աբրահամյանը հայտնել էր «Ազատությանը», որ ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների՝ Ռուբեն Հայրապետյանը 2003թ. հունիսի 20-ից հանդիսանում է ՌԴ քաղաքացի:

Պաշտոնավարման տարիներին բազմաթիվ աղմկահարույց պատմություններով հայտնի 63-ամյա Ռուբեն Հայրապետյանը մեղադրվում է 2 քրեական գործով` քաղաքացուն ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ազատությունից ապօրինի զրկելու, ինչպես նաև ինքնիրավչության համար, և երկրորդ գործով` ծանր հետևանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու և ծանր հետևանքներ առաջացնելով՝ որպես կազմակերպության ծառայող կարգադրիչ լիազորությունները չարաշահելու համար: