Այս ծանր պահին պատրաստակամ ենք աջակցություն ցուցաբերել եղբայրական Լիբանանին. նախագահ

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի նախագահ Միշել Աունին:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ ուղերձում ասված է. «Խորապես ցնցված եմ Բեյրութում տեղի ունեցած պայթունի լուրից: Այս ողբերգությունը խլեց բազում կյանքեր և դարձավ հսկայական ավերածությունների պատճառ:

Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և եղբայրական Լիբանանի ժողովրդին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Այս ծանր պահին պատրաստակամ ենք աջակցություն ցուցաբերել եղբայրական Լիբանանին»:

Օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ուժգին պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով զոհվել է ավելի քան 70 մարդ, հազարավոր մարդիկ վիրավորվել են, քաղաքի մի մասը փլատակների է վերածվել: Երկրում երեք օր սուգ է հայտարարվել:

Հայաստանի ԱԳՆ-ն էլ հայտնում է, որ այս պահին տեղեկություններ կան պայթյունի հետևանքով հայ երեք մահացածի և շուրջ 100 վնասվածների մասին: