Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թվում, նախնական տեղեկությամբ, ազգությամբ հայ մեկ քաղաքացի կա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նա նշել է, որ Լիբանանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների և տեղի համայնքային կառույցների ղեկավարների հետ:
«Հայահոծ թաղամասերում, ինչպես ողջ Բեյրութում, ավերածությունները զգալի են։ Այս պահի դրությամբ նախնական տեղեկություն կա ազգությամբ մեկ հայի մահվան և մի քանիսի՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին՝ հիմնականում տներում՝ ապակիների փշրվելուց», - հայտնում է խոսնակը։
Նույն աղբյուրի փոխանցմամբ` պայթյունից մասնակիորեն վնասվել է նաև Լիբանանում Հայաստանի դեսպանության շենքը:
Հնարավոր զոհերի, վիրավորների և պայթյունի պատճառած ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են:
Այսօր ուժեղ պայթյուն է որոտացել Բեյրութում` նավահանգստի տարածքում։ Ըստ լրատվամիջոցների նախնական տեղեկությունների` առնվազն 10 զոհ կա: