«Սպիտակ Շորժան» դեռ գործում է, համաձայն չեն գործունեությունը կասեցնելու նախարարի որոշման հետ

Սևանա լճի ափին գործող White Shorja («Սպիտակ Շորժա») հանգստի գոտու ղեկավարությունը համաձայն չէ իրենց գործունեությունը կասեցնելու վերաբերյալ շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանի որոշման հետ։

Նորաբաց հանգստյան գոտու մենեջեր Արման Սարոյանն այսօր «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ իրենք ապօրինի ոչինչ չեն արել։ Նրա փոխանցմամբ`«Սպիտակ Շորժան» դեռ գործում է, մարդիկ գալիս-գնում են, հանգստյան գոտու ֆեյսբուքյան էջում անգամ միջոցառում է հայտնվել։

Վերջին օրերին հայտնի դարձած լողափը փակելու որոշման մասին երեկ տեղեկացրեց նախորդ շաբաթ շրջակա միջավայրի նախարար նշանակված Ռոմանոս Պետրոսյանը։ Վերջինս այսօր «Ազատության» եթերում տեղեկացրեց՝ ամենասեղմ ժամկետներում կապամոնտաժվեն հանգստյան գոտում ապօրինի կառուցված տաղավարները. - «Տնտեսվարողները` անկախ ով լինելուց, որևէ իրավական կարգավիճակ չունեին տվյալ ափի շահագործման ու այդ ափին առհասարակ բիզնես գործունեություն ծավալելու առումով»:

«Սպիտակ Շորժան» հայտնի դարձավ հուլիսի 26-ին, երբ լողափում անցկացված մարդաշատ խնջույքի կադրերը տարածվեցին համացանցում. կենդանի համերգ էր կազմակերպվել, քաղաքացիները դիմակներ չէին կրում, խնջույքին մասնակցում էր սկանդալային պատմությունների կիզակետում մի քանի անգամ հայտնված Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ Ռոմանոս Պետրոսյանի թիմակիցը։ Նա առանց դիմակի էր ու համակարգչի առջև. տարբեր լրատվամիջոցներ գրեցին, թե հանգստյան գոտին հենց պատգամավորին է պատկանում, ու խնջույքը ինքն է կազմակերպել։ Սարգսյանը հերքեց տեղեկությունն ու ներողություն խնդրեց դիմակ չկրելու համար։ Ոստիկանները քաղաքացիների թույլ տված խախտումներն արձանագրեցին, արտակարգ դրության պարետն էլ որոշեց 14 օրով կասեցնել հանգստյան գոտու հանրային սնունդ մատուցելու գործունեությունը։

Օրեր անց «Հետքը» լայնածավալ հոդված հրապարակեց, ըստ որի առանց անհրաժեշտ թույլտվության շահագործվող այս հանգստյան գոտին օգտագործողը անհատ ձեռնարկատեր Արտյոմ Մելքումյանն է՝ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերը: Համացանցում լուսանկարներ կան, որոնցում Մելքումյանն ու Սարգսյանը միասին են։

Պատգամավորի հետ այսօր կապ հաստատել չհաջողվեց, Սարգսյանն անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերը։

White Shorja-ն Սևանի ափերին ապօրինի կառուցված միակ հանգստի գոտին չէ, նորանշանակ նախարար Պետրոսյանի խոսքով` ավելի քան 300 նմանատիպ օբյեկտ կա. - «Ապօրինի հողազավթմամբ, ապօրինի կառուցապատումներով այսօր տնտեսվարում են անում»:

Հարյուրավոր ապօրինի կառույցներից ինչո՞ւ որոշվեց հենց White Shorja-ի գործունեությունը կասեցնել, նախարարի խոսքով `պատճառը այս հանգստյան գոտու հետ կապվող անուններն են. - «Սա վառ ապացույց էր այն փաստի, որ մեր քաղաքական թիմը և մեր կառավարությունը երևույթներն անձերով չի պայմանավորում, և օրենքի գերակայությունը և իրավասարությունը մեզ համար առաջնային կատեգորիա են, և մենք ենք նաև երաշխավորում օրենքի գերակայության գործիքակազմի գործադրումը կյանքի բոլոր ոլորտներում»:

Նախարարն ասաց՝ նշանակման առաջին իսկ օրերին հասցրել է գլոբալ պատկերացում կազմել այս խնդրի շուրջ՝ պնդելով՝ այս պահին ապամոնտաժման ենթակա շուրջ 3 հազար 800 շենք-շինություններ կան: Պետրոսյանի խոսքով` Սևանա լճին հարակից բոլոր տարածքներում, որտեղ հնարավոր էր ապօրինի շինարարություն անել, արդեն արվել է. - «Կան հանգստի գոտիներ, առանձնատներ, ամառանոցներ, տաղավարներ, կոմերցիոն, հասարակական նպատակով շահագործվող, տնտեսվարման նպատակով հանրային սննդի կետեր, որոնք նախնական պատկերով ենթակա են քանդման»:

Տարիների ընթացքում Սևանի ափերին ապօրինի կառուցված բազմաթիվ օբյեկտները ռազմավարական նշանակություն ունեցող լճի համար նաև բնապահպանական խնդիրներ են ստեղծել, ոլորտի մասնագետներն ընդգծում են՝ լճի ծաղկման հիմնական պատճառներից մեկը դրանց գործունեությունն է, բազմաթիվ կառույցների կոյուղիները միանգամից լիճ են թափվում։ Այժմ նման տարածքների գույքագրում է իրականացվում։ Նախարարությունը վստահենցում է՝ վերջնական տվյալներ ունենալուց հետո խնդիրները կլուծվեն օրենքով սահմանված կարգով։