«Արմմոնո» թատերական փառատոնը բացվեց Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» պատմվածքի հիմա վրա ստեղծմամբ մոնոներկայացմամբ

ՀՀ վաստակավոր արտիստուհի Նարինե Գրիգորյան

Մեր թատերասեր հանրությունը մի շարք առիթներ է ունեցել հիանալու մեր լավագույն դերասանուհիներից մեկի՝ Նարինե Գրիգորյանի մենաներկայացումներով, որոնցից յուրաքանչյուրը հագեցած է ասելիքով, գեղագիտական յուրահատուկ լուծումներովև թատրոնին արտիստուհու անսպառ ու անմնացորդ նվիրումից ծնունդ առած ստեղծագործական բուռն զգացմունքայնությամբ:

Եվ ահա մի նոր առաջնախաղ: Շաբաթ երեկոյան Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 85-ամյակին նվիրված այս տարվա «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը մեկնարեց մեծանուն գրողի լավագույն ստեղծագործություններից մեկի՝ «Գոմեշը» պատմվածքի հիման վրա ստեղծված՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի, «Համազգային» թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի մենաներկայացմամբ:

«Ազատության» հետ զրույցում Նարինե Գրիգորյանը սիրով պատմեց, թե ինչու է հենց այս ստեղծագործությունն ընտրել և ովքեր են աջակցել ու քաջալերել իրեն` այն ներկայացնելու փառատոնի շրջանակներում:

Նարինե Գրիգորյան. – Արտակարգ դրության այս օրերին, որ տանն էինք բոլորս, և խորհելու, փիլիսոփայելու երկար ժամանակ կար, անընդհատ մտածում էի, որ մենք ապրում ենք Երկիր մոլորակի վրա ու որ էսպես կործանում ենք մեր երկիրը, հետո պատասխան չե՞նք ստանալու երբևէ, թե՞ մեր երեխաների կլինի դա, մեզ հետ չի լինի: Անընդհատ մտածում էի` իսկ բնությունը ինչպե՞ս է մեզ տեսնում: Մենք իրեն անընդհատ տեսնում ենք, օգտագործում ենք, ոչնչացնում ենք... Ու միշտ ուզում էի բնության կողմից նայել մեզ: Եվ հիշեցի, որ Դավիթը Մաթևոսյան մի անգամ ասեց` խնդրում եմ, կարդա հայրիկի «Գոմեշը»: Եվ քանի որ ազատ էի ու հանգիստ, դպրոցական տարիքում կարդացել էի, իհարկե, բայց ուրիշ տարիք էր, ուրիշ մոտեցում էր: Երբ կարդացի, շատ-շատ հուզվեցի. դա առաջին նախապայմանն է, թե ինչու ես դիմում այդ ստեղծագործությանը: Եվ հետո հանկարծ գտա «Գոմեշը» ցույց տալու թատերային մոտեցումը: Դա էլ էր շատ կարևոր, որովհետև գուցե այդ պատմությունը լավ էր կինոյով պատմել, որովհետև լսել էի, որ և' Զանուսսին էր ուզել նկարել, և' Ռոման Բալայանը... Բայց ես գտա դրա թատերային ձևը, ու դա ինձ կրկնակի ոգևորեց: Ավելի ոգևորեց արդեն Դավիթը Մաթևոսյան, որ ամեն գնով կողքիս էր: Ես մտածում էի, որ երկու տարի ստեղծագործության վրա կաշխատեմ, տեքստի մեջ կխորանամ, անգիր կսովորեն: Եվ երբ Մարիաննա Մխիթարյանին ասացի, որ ես այդ ստեղծագործության վրա մտածում եմ, Մարիաննան միանգամից արդեն որոշեց, որ բացումը կլինի «Արմմոնոյի», և որ կնվիրվի Հրանտ Մաթևոսյանին... Արդեն պիտի իրականացնեի:

«Ազատություն». – Հույս ունենանք, որ հանդիսատեսը այդ ներկայացումը կդիտի նաև թատրոնի բեմում:

Գրիգորյան. – Հետաքրքրիր է, որ ես տանը մտածում էի այս ներկայացումը բեմադրելու շուրջ, մտածում էի բեմական տարածքի մասին, բայց երբ արդեն որոշեցինք, որ դա կլինի Զուլում և Մուշեղ Գրիգորյանների արվեստանոցի բակում, որտեղ աղմուկ չկա, իսկ դա շատ կարևոր էր... Ես, իհարկե, կրճատել եմ պատմվածքը, բայց չեմ դարձնել բեմականացում, չեմ վերածել կերպարների, ես հենց հրանտմաթևոսյանական այդ կատարյալ տեքստն եմ ասում, որ ինձ համար բնության աստվածային նկարագրություն է:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ.

Your browser doesn’t support HTML5

«Արմմոնո» թատերական փառատոնը բացվեց Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» պատմվածքի հիմա վրա ստեղծմամբ մոնոներկայացմամբ