Երուսաղեմում հայկական համայնքը շարունակում է կարանտինի մեջ մնալ

Լուսանկարը` Երուսաղեմի Հրեշտակապետաց վանքի տեսուչ, միաբան հայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանի արխիվից

Իսրայելում կորոնավիրուսի պատճառով մահացել է 531 մարդ վարակված 72 հազար 315 քաղաքացուց: Ծայրահեղ ծանր վիճակում է 340 պացիենտ, որոնցից 96-ը միացված են արհեստական շնչառության սարքավորումներին: 26 հազար 153 ակտիվ վարակակիր կա երկրում, որոնցից 771-ը գտնվում են հիվանդանոցներում, իսկ մնացածը` տանը կամ հյուրանոցներում:

Կարանտինի սահմանափակումների թուլացումից անմիջապես հետո երկրում կտրուկ աճեց նոր գրանցված դեպքերի թիվը՝ հուլիսի վերջին օրական կտրվածքով հասնելով գրեթե 2 հազարի, այս վերջին օրերին, սակայն, մի փոքր նվազման միտում է նկատվում: Կառավարությունում նոր մարդիկ են նշանակվել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, որոնք դեմ են տնտեսության համատարած փակմանը, սակայն հազարավոր մարդիկ արդեն Իսրայելի անվտանգության ուժերից բջջային հեռախոսներով հաղորդագրություն են ստացել, որ շփվել են վարակակիրների հետ ու պետք է 14-օրյա կարանտին անցնեն: Արդյունքում հսկայական ֆինանսական կորուստներ ունեցան առանց այն էլ 30-40 տոկոսով աշխատող խոշոր տնտեսությունները, որը կրկին միլիոնավոր դոլարների հասնող վնասներ պատճառեց Իսրայելի տնտեսությանը:

Երկրի կենտրոնում հայերի շրջանում, ովքեր հիվանդացել ու կարանտինի մեջ էին, այժմ առողջացել են ու վերադարձել են աշխատանքի: Մահացության դեպքեր մեր համայնքում չեն գրանցվել:

Երուսաղեմում հայկական համայնքը շարունակում է կարանտինի մեջ մնալ. Իսրայելի կառավարության որոշումից մեկ շաբաթ առաջ` մարտի սկզբին, համայնքում կարանտին հայտարարվեց: Պատրիարքարանի դիվանապետ հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը պատմում է. - «Վանք այլևս չէին կարող մտնել ուխտավորներ, զբոսաշրջիկներ, վանքում չբնակվող հայերը կամ առհասարակ որևէ այցելու: Եվ նույնն է այսօր, և այդ մեկուսացումը երբեք չվերցնել, վանքի հենց դարպասը փակ է, ընդամենը փոքր դարպասն է բաց, և ամբողջ ելումուտն այդ փոքր դռնով է իրականացվում»:

Թե առաջին և թե երկրորդ ալիքի ժամանակ պատրիարքարանը խստորեն հետևում է պետության բոլոր հրահանգներին, ու երկու շաբաթ առաջ կառավարությունը կրկին որոշում էր կայացրել 20 հոգուց ավելի հավաքները փակ տարածքներում արգելելու վերաբերյալ:

«Հարգում ենք այդ որոշումը և արարողությունները շատ սահմանափակ թվով մասնակիցներով ենք անցկացնում, իսկ երեկոյան ժամերգություններն ընդհանրապես չենք անում, միայն առավոտյան ժամերգություններն ենք անում, և շաբաթ, կիրակի պատարագներն էլ` ըստ որոշման և ըստ սահմանված մասնակիցների թվաքանակի», - ասաց Պատրիարքարանի դիվանապետը:

Համավարակի և զբոսաշրջության բացակայության հետևանքով Իսրայելի մյուս քաղաքացիների նման էլ հայերը տուժեցին հին քաղաքում, և ովքեր պետական ու մասնավոր սեկտորում էին աշխատում ու հաշվառված էին Ազգային ապահովագրության կենտրոնում, որպես գործազուրկներ նպաստներ ստացան կամ ստանում են, իսկ ովքեր չունեին նման աջակցություն, օգնություն ստացան պատրիարքարանից: Պաղեստինի սահմանների փակ լինելու պատճառով շատ պաղեստինցիներ չեն կարողանում Երուսաղեմ գալ ու մասնակցել հայկական թանգարանի վերանորոգման աշխատանքներին ու աշխատել համայնքում, որի փոխարեն շատ մեր հայրենակիցներ աշխատանքի տեղավորվեցին պատրիարքարանում. - «Իսկ նրանք, ովքեր սննդի և այլ պարագաների կարիքներ ունեին, պարտիրարքարանը ևս հոգաց նրանց բոլոր կարիքները, նույնն էլ այս շրջանում պետք է լինի, այսինքն` եթե պատրիարքարանը միշտ մեր համայնքին, մեր բնակիչների հոգսերը, կարիքները հոգում է և պիտի այս անգամ ևս հոգա թեթևացնելու համար նրանց բեռը»:

«Կորոնավիրուսի ու կարանտինի պատճառով շատ ծրագրեր հայաշատ քաղաքներում սառեցվել են, բայց Երուսաղեմի բնության թանգարանում ավանդաբար անցկացվող հայկական մշակույթի փառատոնն այս տարի հունիսի վերջին էլ անցկացվեց, սկզբում առցանց, իսկ այնուհետև մեկ շաբաթ Երուսաղեմի հայկական հախճապակյա աշխատանքների ցուցահանդես բացվեց», - տեղեկացրեց հայր Կորյունը` հավելելով. - «Առցանց կերպով արվեցին թե դասախոսությունները, թե համերգները, այդ հովանավոր կազմակերպությունները ցանկացան, որ ամեն դեպքում գոնե մեկ շաբաթվա կտրվածքով որոշ ծրագրեր ուղղակի թանգարանի շենքում իրականացվեն, և տեղի ունեցավ պաշտոնական բացում, բացմանը կար 2 ցուցահանդես»:

Երկու շաբաթ առաջ էլ Երուսաղեմի հրեական արվեստի թանգարանի ղեկավարությանը ընդունել էր Երուսաղեմի Հայոց պատրիարքը: Հյուրերն իրենց հետ բերել էին հայկական մի հետաքրքիր ձեռագիր. - «Ըստ իրենց պատմածի` բոլորովին պատահաբար է հայտնվել իրենց հավաքածուում, որովհետև նվիրատուն, որ բերել է և հանձնել է իրենց թանգարան, կարծել է, որ դա հրեական ձեռագիր է, և հրեական մի քանի այլ ուրիշ առարկաների հետ ինչ-որ աճուրդից գնել է և բերել, փոխանցել է որպես նվեր թանգարանին: Հետագայում նրանք ուսումնասիրել են, տեսել են, որ եբրայերեն ձեռագիր չի, այլ պարզվել է, որ հայերեն ձեռագիր է»:

Քանի որ հայերենի մասնագետ չեն ունեցել, ուստի 4 շաբաթով այս ձեռագիրը փոխանցել էին հայկական կողմին ուսումնասիրելու նպատակով: Ըստ նախնական ուսումնասիրության` ձեռագիրը խորհրդատետր է, որի հիշատակարանում նշված է 1674 թվականը, սակայն հնարավոր է, որ այն շատ ավելի հին է ու լրացվել է ուղղակի 1674 թվին. - «Պատվիրատուն, ըստ հիշատակարանի, Միրզաբեկ ընտանիք, որը Սուրբ Գևորգ եկեղեցու համար է պատվիրել ի հիշատակ իր որդիների, բայց անշուշտ այս ամեն ինչը պետք է ուսումնասիրենք և պարզենք, թե որ տեղի Սուրբ Գևորգին է հանձնվել, ով է Միրզաբեկ պատվիրատուն, և անշուշտ այս ընթացքում արդեն ուղարկել ենք որոշ վերանորոգման աշխատանքներ կատարելու»:

Ոչ պաշտոնական խոսակցության ժամանակ հոգևորականն առաջարկել էր այն հանձնել պատրիարքարանին, որը չէր մերժվել, բայց բացատրվել էր, որ թանգարանի հոգաբարձուների խորհրդի թույլտվությունից հետո բավական մեծ բյուրոկրատական աշխատանքներ են կատարվելու, ներառյալ Մշակույթի նախարարության թույլտվության ստացումը: