Հայ-ադրբեջանական սահմանային իրադարձությունները Ֆրանսիայում հակասական գնահատականների են արժանացել

Հուլիսի 12-ին Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին ադրբեջանական բանակի կատարած ռազմական հարձակումն արմատապես հակադիր դիրքորոշումների արտահայտության առիթ է տվել Ֆրանսիայի խորհրդարանում: Բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները համատեղ հայտարարությամբ դատապարտել էին Ադրբեջանին այդ հարձակման համար և կոչ արել Ֆրանսիայի կառավարությանը ձեռնարկել իրավիճակից բխող քաղաքական միջոցառումներ:

«Զորակցել Հայաստանին ընդդեմ Ադրբեջանին նշանակում է զորակցել ապրելու իրավունքին» վերնագրով այդ հաղորդագրությունում պատգամավորները նշել էին. «Մենք բոլորս գիտենք, որ բախումների վերսկսումն ուղղակի հետևանքն է Ադրբեջանի բռնակալ Իլհամ Ալիևի փայփայած ռազմավարության, պատերազմը հարմար միջոց է շեղելու իր ժողովրդի ուշադրությունը այն ստորացումներից, որ ինքը պարտադրել է նրան` հիմնական ազատությունների զրկում, կաշառակերություն, թալան»:

Այս հաղորդագրությունից 10 օր անց Ֆրանսիայի խորհրդարանի 6 պատգամավորներ նամակ են ուղղել հանրապետության նախագահ Էմանյուել Մակրոնին, որի մեջ հանդես են եկել ի նպաստ Ադրբեջանի թեզերով` դատապարտելով Հայաստանին «30 տարուց ի վեր ռազմական միջոցներով իր գրավման տակ պահելու համար ադրբեջանական հող հանդիսացող Լեռնային Ղարաբաղը և հարակից 7 շրջանները»: Նամակում նշում են, թե Հայաստանը «ոտնահարում է միջազգային իրավունքը»: Նամակը կրկնել է նաև ադրբեջանա-թուրքական կողմի կեղծիքը այս մարտական գործողությունների վերաբերյալ` Հայաստանին վերագրելով հարձակվողի դերը և համարել, թե միջազգային հանրությունը, ներառյալ Ֆրանսիան պետք է ստիպի ՀՀ-ին հարգել միջազգային իրավունքը:

Ադրբեջանամետ պատգամավորները չեն վարանել դրվատել «Ադրբեջանի զսպվածությունը, որը թույլ է տալիս խուսափել ողջ Կովկասի բռնկումից»: Բացահայտորեն ադրբեջանամետ այս դիրքորոշումները, որոնք փաստորեն թուրք-ադրբեջանական թեզերի կրկնությունն են, զայրույթով է ընդունել նախկին պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախկին նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը: Վերջինս հանդես է եկել հայտարարությամբ, որի մեջ քննադատել է վերոհիշյալ տողերի հեղինակ պատգամավորներին. «Ամոթ ձեզ, իմ նախկին պատգամավոր ընկերներ, որ Հայաստանը ներկայացնում եք իբրև Ադրբեջանի վրա հարձակվող, մինչդեռ Հայաստանն է, որ կրկին ենթարկվել է Ադրբեջանի հարձակմանը, և դուք շատ լավ գիտեք դա, այդ մասին գիտի նաև նախագահ Էմանյուել Մակրոնը»:

Նա հավելել է, թե Թուրքիայի օգնությամբ Հայաստանի վրա Ադրբեջանի գործած հարձակումը պետք է դատապարտել խստորեն` վերջում գոհունակությամբ նշելով, թե Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքապետներ և ընտրյալներ արդեն իսկ դատապարտել են սա:

Երկրի հարավային շրջանում 2 ազդեցիկ քաղաքական դեմքեր` Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին և շրջանային խորհրդի ֆինանսական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Էրիկ Ջիոտին համատեղ և հանդիսավոր հայտարարություն են արել. «Մենք` իբրև հանրապետության ընտրյալներ, միանում ենք այն ահազանգին, որ բարձրացրել են Միջերկրական շրջանի ծագումով հայ ֆրանսիացիները Հայաստանի սահմաններին հայ քաղաքացիական բնակչության վրա Ալիևի ադրբեջանական կառավարության կողմից գործված վերջին զինյալ մահաբեր հարձակումների հետևանքով»: Նրա տակ ստորագրողները այս ողբերգական իրադարձությունների առթիվ իրենց հավատարմությունն են արտահայտել համայնքին այնպես, ինչպես նշել են նրանք, Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման 2001թ. հունվարի 29-ի օրենքի ընդունման ժամանակ: