Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Արցախում էր

Հուլիսի 30-31-ը աշխատանքային այցով Արցախում էր Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը Արցախի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար` գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասեր ու առանձին ստորաբաժանումներ, տեղում ծանոթացել սոցիալ-կենցաղային պայմաններին ու ծառայության հետ կապված այն խնդիրներին, որոնք լուծման կարիք ունեն: Տոնոյանն առաձին ուշադրություն է դարձրել նաև ՊԲ-ում վերջին շրջանում ներդրված նորագույն զինատեսակներին ու արդիականացված տեխնիկական միջոցներին և դեռևս ընթացքի մեջ գտնվող աշխատանքների ընթացքին:

Երկու նախարարներն այցելել են ՊԲ-ի արևելյան ուղղությամբ տեղակայված զորային ու թիկունքային նշանակության տարբեր օբյեկտներ, որտեղ անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ընթացիկ և հավանական զարգացումներին, Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերներին և այդ համատեքստում՝ մասնավորապես այն համակարգային անելիքներին, որոնք դրված են պաշտպանական գերատեսչությունների առջև:

Դավիթ Տոնոյանը, պատասխանելով լրագրողի հարցին,անդրադարձել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կոշտ հռետորաբանությանը, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահի «քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները» հայտարարությանը՝ նշելով, որ հայկական կողմի համար հասկանալի չէ, թե ե՞րբ է այդ ուշը: Իսկ այդ հանրապետության պաշտպանության նախարարի՝ նախագահի համապատասխան հրամանին սպասելու մշտական հայտարարությունների առնչությամբ ասել է, որ հայկական բանակը ևս սպասում է հրամանի: