Հուլուսի Աքար․ «Թուրքիան պատրաստ է շարունակել բանակցությունները Հունաստանի հետ»

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, արխիվ

«Թուրքիան պատրաստ է կրկին բանակցել Հունաստանի հետ՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածում տիրող կացության շուրջ», - Կիպրոսի թուրքական հատված կատարած այցի շրջանակներում նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

«Մենք պատրաստ ենք Անկարայում հյուրընկալել հունական պատվիրակությանը՝ երկկողմ բանակցությունների չորրորդ փուլն անցկացնելու նպատակով», - հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։

Մի կողմից Թուրքիայի, մյուս կողմից՝ Հունաստանի և Կիպրոսի միջև հարաբերությունները լարվել էին Միջերկրական ծովի արևելյան հատվածում հայտնաբերված գազի պաշարների տնօրինման շուրջ վեճի պատճառով։ Աթենքում և Նիկոսիայում պնդում են, որ թուրքական կողմը երկրաբանական հետախուզություն է իրականացնում Կիպրոսի և Հունաստանի բացառիկ տնտեսական գոտում։

Երկու օր առաջ Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին Միջերկրական ծովում էներգակիրների արդյունահանմանն ուղղված գործողությունները ժամանակավորապես սառեցնելու մասին։ Այդ քայլը, ըստ պաշտոնական Անկարայի, պետք է կառուցողական մթնոլորտ ձևավորի բանակցությունների շուրջ։

«Որևէ մեկը, սակայն, մեր այդ քայլը չպետք է որպես անօգնականության նշան ընկալի։ Թուրքիան կարող է գործողությունների դիմել ինչպես իր սեփական, այնպես էլ թուրքական Կիպրոսի ծովային տարածքում», - անդրադառնալով Անկարայի վերջին քայլերին՝ հայտարարել է Հուլուսի Աքարը։