Անցած օրվա ընթացքում կորոնավիրուս է հաստատվել 308 մարդու մոտ: Դրական է եղել երեկ կատարված 1853 թեստերի 16,6 տոկոսը: Սա վերջին ամիսների լավագույն ցուցանիշն է:
Նախորդ շաբաթվա ընթացքում կորոնավիրուս էր հաստատվում հետազոտվածներից 20-25 տոկոսի մոտ: Ավելի վաղ այս ցուցանիշը հասնում էր 30 և ավելի տոկոսի:
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանի խոսքով, այս դրական միտումը հակահամաճարակային կանոններին հետևելու արդյունք է. – «Վերջին մի քանի ամսվա ընթացքում սկսել ենք ավելի զգոն լինել, և ես հույս ունեմ, որ էս տեմպը շարունակվելու է»:
Ընդհանուր առմամբ Հայաստանում մինչև օրս հաստատվել է կորոնավիրուսի 37 հազար 937 դեպք: Ինչպես նախորդ շաբաթվա ընթացքում, երեկ ևս առողջացածների թիվը գերազանցում է վարակվածներին: Քովիդը հաղթահարածների թիվը նախորդ օրն ավելացել է 467-ով: Վարակն արդեն հաղթահարել է 27 հազար 824 մարդ: Այս պահին հիվանդությունից փաստացի բուժվում է 9 հազար 165 անձ:
Ալինա Նիկողոսյան. – «Փաստացի բուժվողների թիվը կրկին օրեցօր կարծես թե նվազում է»:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ, երեկ կորոնավիրուսից մահացել է 64-ից 84 տարեկան չորս մարդ, նրանք բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Մահացածների ընդհանուր թիվը հասել է 723-ի:
«Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է վարակը, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով», - հավելեց Նիկողոսյանը` նշելով նաև, որ չնայած վարակի տարածման առումով դրական միտումներին, ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թվի էական փոփոխություն չկա. – «Վերջին մեկ ամսվա ընթացքում ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թիվը ընդհանուր առմամբ մեկ հարյուրին մոտ է, ոչ ավելանում է, ոչ էլ պակասում է էս պահին: Քանի դեռ նվազում չունենք, չենք կարող ասել, որ դրական տեղաշարժ կա»:
Ծանր ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդները հիմնականում բուժվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը «Ազատության» հետ զրույցում այսօր նշեց, որ որոշակի դրական փոփոխություն կա: Նրա խոսքով, եթե նախկինում իրենց հիվանդանոցում մարդկանց տեղավորելու խնդիր կար, ապա այժմ մահճակալների 15-20 տոկոսն ազատ են:
«Ինչքան ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թիվը քիչ է լինում, այնքան մահերի թիվը քիչ կլինի: Վստահ կարող եմ ասել, որ առաջիկայում է'լ ավելի կնվազի մահերի թիվը` պայմանավորվա, որ ծանր դեպքերն իրականում նվազում են», - ասաց Մանուկյանը:
Նրա կարծիքով, կորոնավիրուսը հավերժ չի կարո շրջանառվել ու նույնքան ակտիվ մնալ:
Երեկվա տվյալներով Հայաստանում ծանր վիճակում է կորոնավիրուսով հիվանդ 453 անձ, 81 մարդ ծայրահեղ ծանր է տանում հիվանդությունը, 26 մարդու միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք: