Անցողիկ շեմը հաղթահարած, բայց չընդունված դիմորդները կդիմեն դատարան

Օրեր շարունակ բողոքի ակցիա անող դիմորդները պայքարը տեղափոխում են իրավական հարթություն։ Վարչական դատարանում պահանջելու են անվավեր ճանաչել ընդունելության մրցույթի նոր կարգը։

Այսօր էլ նախարարության մոտ էին, բայց ոչ թե բողոքի, այլ կրթության գլխավոր պատասխանատու Արայիկ Հարությունյանին նվերներ՝ Աստվածաշունչ ու խաչ փոխանցելու: Նվերների խորհուրդը մեկնաբանեց ցուցարարներից Հայկ Բաբալյանը. «Մենք նրան այդ միջոցով հուշում ենք, որ իր հետագա գործողություններում պետք է լինել ավելի ազգանվեր, ավելի մարդկային»:

Բաբալյանը փոխանցեց, որ մինչև երթով դատարան գնալը վաղը Ազգային ժողովում պատգամավորների հետ են հանդիպելու։ Ցուցարարները երկու պահանջ են ներկայացնելու դատարան, «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց նրանց փաստաբանական խմբի անդամ Ալեքսանդր Կոչուբաևը. - «Պահանջելու ենք, որպեսզի Կառավարության ընդունած որոշումը, որով հաստատվել է կարգը ԲՈՒՀ-երի ընդունելության, ճանաչվի անվավեր: Իսկ երկրորդ հայցապահանջով արդեն իսկ այդ կարգի անհատական մակարդակով կիրառման, բոլոր այն դիմորդները, ովքեր լիազորել են ինձ, այսինքն՝ անհատական մակարդակում, նրանց նկատմամբ այդ կարգի կիրառելիությունը ճանաչել անվավեր»:

«Պատրաստվում ենք ներկայացնել հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն, և եթե այդ միջնորդությունը չբավարարվի, մենք ինքներս, ուզենք, թե չուզենք, պետք է արձանագրենք, որ դիմորդների իրավունքները գոնե այս պահին չերաշխավորվեցին: Սակայն բուն դատական գործընթացը կշարունակվի, և եթե ճանաչվեն անվավեր, ապա պետության առջև նրանց ռեաբիլիտացման հարցեր կդնենք», - ասաց փաստաբանը:

Ընդունելության մրցույթի կարգը փոխվել է այս տարվա մայիսին։ Առաջին անգամ ընդունելության մրցույթն անցկացվել է հայտի միայն առաջին տողով նշված մասնագիտության գերակայությամբ, այսինքն՝ մրցակցությունն ընթացել է նույն մասնագիտությունն առաջին հայտով նշած դիմորդների միջև։ Ցուցարար դիմորդները բողոքում են, թե այս փոփոխության մասին Կրթության նախարարությունը պատշաճ չի իրազեկել, ինչի հետևանքով հարյուրավորները դրական շեմը հաղթահարելով բուհ չեն ընդունվել կամ բավարար միավորներ ստանալով՝ նախընտրելի ֆակուլտետներից են դուրս մնացել։ Փաստաբանն ասաց՝ ավելի քան հարյուր դիմորդ է հայցին միացել։

«Որպեսզի մարզերից ևս հնարավորություն ունենան գան և լիազորագրեր տան կամ գոնե տեղերում, մեր փաստաբանական թիմը, դիմորդները հենց իրենք մարզերով շրջայց են կատարում և ստանում են այդ լիազորագրերը: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, վերջնարդյունքում 150-200 հայցվորի պահանջ կբերվի դատարան», - նշեց Կոչուբաևը:

Ցուցարար դիմորդները դժգոհում են, որ օրեր շարունակ պահանջում են հանդիպում կրթության գլխավոր պատասխանատու Արայիկ Հարությունյանի հետ, սակայն վերջինս իրենց չի ընդունում։ Հանդիպում եղել է փոխնախարարի մակարդակով։ Նախարար Հարությունյանը նրանց արձագանքեց Հանրային հեռուստաընկերության եթերից՝ կոչ անելով դադարեցնել ակցիաները, քանի որ դրանք քաղաքական երանգ են ստանում։

«Որովհետև այստեղ ներգրավված և կազմակերպող անձինք, նրանցից մեկը Ռոբերտ Քոչարյանին սատարողներից է, և ուզում եմ ծնողների և դիմորդների ուշադրությունը սրան հրավիրել, որ չընկնեն այս հոսանքների մեջ», - հայտարարեց Հարությունյանը՝ շարունակելով. - «Գոնե առաջին օրերը ես աշխատանքի գալիս շատ երկար ժամանակ զրուցել եմ և՛ ծնողների, և՛ դիմորդների հետ, և, ըստ էության, մեզ հաջողվել է այս ընթացքում մարդկանց հետ քննարկել և լուծումներ գտել: Եվ էս ակտիվությունը արդեն այլ ուղղությամբ է գնում, և ես ուզում եմ ուշադրություն հրավիրել սրա վրա և խորհուրդ տալ դիմորդներին՝ չտրվել այդ սադրանքներին, որովհետև, ըստ էության, լուծումները տրված են»:

Սա քաղաքացիական, ոչ թե քաղաքական ակցիա է, և շարունակելու են այնքան, մինչև իրենց պահանջները բավարարվեն, նախարարին հակադարձեցին դիմորդները՝ պնդելով՝ ընդունելության մրցույթի կարգի փոփոխության մասին պատշաճ չեն իրազեկվել։ Նոր կարգը հաստատվել է մայիսի 26-ին, մինչդեռ հայտը լրացնելու ժամկետը սկսվել է մայիսի 25-ից, և շատերն առաջնորդվել են նախորդ կարգով։

«Մեր ակցիան սկսվելու առաջին իսկ օրվանից շեշտել ենք <...>, որ մեր ակցիան բացարձակ քաղաքականության հետ պետք չէ կապել, մեր ակցիան քաղաքացիական է: Բայց այստեղ կարող են լինել մարդիկ, օրինակ՝ հավաքվել ենք 200 հոգով, բնական երևույթ է, որ կարող են լինել մարդիկ, ովքեր ունենան քաղաքական հայացքներ: Բայց այն, որ քաղաքական ինչ-որ մի թիմ, ինչ-որ մեկը, ինչ-որ մեկ անձ կփորձի շահարկել այս թեման ինչ-որ քաղաքականության, կուսակցության օգտին, դա բացառված է», - հայտարարեց դիմորդներից մեկը:

Արայիկ Հարությունյանը խնդիրը լուծված է համարում։ Ըստ նրա՝ անցողիկ շեմը հաղթահարած ու չընդունված ուսանողները հնարավորություն ունեին թափուր տեղերի մրցույթին մասնակցելու կամ հեռակա կարգով ուսանելու։

Երևանի Պետական բժշկական համալսարան դիմած Գայանե Ղազարյանը նախարարին հակադարձում է՝ հեռակայելու հնարավորություն չունի։

«Բժշկականը չունի հեռակա, այսինքն ես հիմա անորոշ վիճակում եմ», - ասաց Ղազարյանը: